Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում

00:00 / 03.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց`մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:

Փոխվարչապետին նախ զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին: Նշվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 720 մլն դրամի շրջանակում իրականացվել է 13 ծրագիր, որոնք արդեն ողջ ծավալով ավարտվել են, տնտեսվել է 22,2 մլն դրամ: Հիմնականում վերանորոգվել են միջհամայնքային ճանապարհներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, մաքրվել եւ բարեկարգվել են Սիսիանի ջրային հայելիները:

Տեղեկացվեց, որ ընթացքում է երկրորդ ծրագիրը: Արդեն ավարտվել է Մեղրի քաղաքի թիվ 1 բնակելի թաղամասի փողոցի նորոգումը, ընթացքի մեջ են Մեղրիի կամրջի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքները: Ծրագրի երկրորդ մասով եւս հիմնականում կվերականգնվեն ճանապարհներ, կնորոգվեն կրթական եւ մշակութային հաստատություններ: Որպես համաներդրում` 65 մլն դրամ կհատկացվի Գորիսում սոցիալական տան կառուցման համար, որի աշխատանքներն իրականացվում են Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության "Սոցիալական տուն` աջակից պայմաններով" ծրագրի շրջանակում:

Փոխվարչապետի հանձնարարականով` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքը կգտնվի մարզպետի ուշադրության կենտրոնում:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները: Դեկտեմբերի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 2,7 մլրդ դրամի դիմաց կազմել են 2,6 մլրդ դրամ (կատարողականը` 95,5 %): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 87,7 %, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,9 %-ով: Հողի հարկի կատարողականը կազմել է 99,6 %, ինչը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8 տոկոսով: Գույքահարկի կատարողականը 82, 3 տոկոս է, նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 7,2 տոկոսի աճ: Նշվեց, որ չնայած կատարողականին, նախորդ տարվա համեմատ հողի հարկի հավաքագրման ցուցանիշը նվազել է հիմնականում Սիսիան, Արավուս, Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Հացավան, Ույծ, համայնքներում:

Փոխվարչապետը ընդհանուր առմամբ դրական գնահատելով հավաքագրման դինամիկան` միաժամանակ մարզպետին հանձնարարեց մինչեւ տարեվերջ աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորեց նաեւ մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացում:

Տեղեկություններ ներկայացվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին: Նշվեց, որ պատրաստ են 5 քաղաքային (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի եւ Ագարակ) եւ 2 գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը: Ընթացքի մեջ են Քաջարան քաղաքի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ մարզում արդեն կատարվել է 11 700 հա աշնանացան` նախորդ տարվա 10288 հեկտարի դիմաց: 2011թ-ին մարզում արտադրվել է 4 հազ. տոննա հացահատիկ` նախորդ տարվա 1,4 հազ. տոննայի դիմաց, 2,2 հազ. տոննա կարտոֆիլ` 2,3 հազ. տոննայի դիմաց: Նշվեց, որ 2011թ. ընթացքում մարզում գյուղատնտեսությամբ զբաղվել են 18026 գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ եւ արտադրությամբ` 58 գյուղատնտեսական եւ վերամշակող կազմակերպություններ:

Տեղեկություններ ներկայացվեցին մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Խորհրդակցությունից հետո փոխվարչապետն այցելեց շինհրապարակներ: Ա. Գեւորգյանը եղավ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տարածքում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին: 1960-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի մի մասի փլուզման պատճառով ներկայումս կառուցվում է նոր դպրոց: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 725 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից:

Կապանում Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ քաղաքի երկրագիտական թանգարանի վերանորոգման ընթացքին: Թանգարանի նորգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով հատկացվել է 79,5 մլն դրամ, երկրորդ մասով` 20 մլն դրամ: Թանգարանն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:

Փոխվարչապետին ներկայացվեցին նաեւ Գորիսում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքները: Գորիսի քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքում ծրագրի առաջին մասով կատարվել է ներհամայնքային ճանապարհների նորոգում, քաղաքի երաժշտական դպրոցի վերանորոգում, վերջինիս համար միջոցներ են հատկացվել նաեւ ծրագրի երկրորդ մասով: Ծրագրի երկրորդ մասով 48,5-ական մլն դրամ է հատկացվել նաեւ քաղաքի թիվ 2 եւ թիվ 5 դպրոցների վերանորոգման համար: Քաղաքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին