Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն այցելեց Մեղրիի տարածաշրջան

00:00 / 02.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզից մեկնեց Սյունիք` այցն սկսելով Մեղրիի տարածաշրջանից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի 86 կմ հատվածում կատարվող աշխատանքներին: Ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով այստեղ իրականացվում են Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ, նախատեսվում է վերականգնել 400 մ հատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 98 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները ծրագրում են ավարտել մինչեւ մարտ:

Ա. Գեւորգյանն այնուհետեւ ուղեւորվեց Ագարակ համայնք, որտեղ այցելեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված մշակույթի տուն: Կատարվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ, որից 10 տոկոսը ներդրել է համայնքը: Ներկայումս մշակույթի տունը գործում է, ունի հանդիսությունների դահլիճ, մարզասրահ, անհրաժեշտ այլ հնարավորություններ: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին` ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացված աշխատանքները եւ կարեւորելով համայնքի մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին:

Մեղրիի տարածաշրջանում աշխատանքներ են կատարվում նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Առաջին մասով հատկացված 39,5 մլն դրամով վերանորոգվել է Մեղրիի մշակույթի տան տանիքը, Ագարակի ներհամայնքային ճանապարհների նորոգման համար ծրագրի առաջին մասով հատկացվել էր 39,5, երկրորդ մասով` 40 մլն դրամ: Ծրագրի երկրորդ մասով արդեն ավարտվել է Մեղրիի թիվ 1 բնակելի թաղամասի փողոցի ասֆալտապատումը, նույն ծրագրով 49 մլն դրամ է հատկացվել միջպետական մայրուղու վրա գտնվող Մեղրիի կամրջի վերակառուցման եւ ընդլայնման համար:

Ագարակում Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացավ արտադրական գործունեությանը, ներդրումային ծրագրերին: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2009թ. հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲ ընկերությանը տրամադրել էր 14 մլն դոլարի կայունացման վարկ:

Ձեռնարկության ղեկավարությունը փոխվարչապետին տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը ներառում են արտադրության արդիականացում, աշխատակիցների որակավորման բարձրացում, ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխում, ինչպես նաեւ հանքավայրի տեխնիկական վերազինում: Կոմբինատի արդիականացման համար, որը նախատեսվում է ավարտել 2012թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 20 մլն դոլար: Նշվեց, որ նախատեսվում է նաեւ նոր` մոտ 40 աշխատատեղերի ստեղծում:

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ընթացքում է հարստացուցիչ ֆաբրիկայի` նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցումը, որի աշխատանքները կավարտվեն տարեվերջին: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտադրության ծավալները ներկայիս 3 մլն տոննայից 2012թ-ին կհասցվեն մինչեւ 3,5 մլն տոննայի: Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց նաեւ նոր մասնաշենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Դեկտեմբերի 3-ին մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով փոխվարչապետը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզպետարանում:

Հասարականության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին