Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

00:00 / 01.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ "Ռոսսոտրուդնիչեստվո" դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին:

Փոխվարչապետն անդրադարձավ օրերս ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նշվեց, որ առաջիկայում երկկողմ աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի 2012թ. օրակարգի ձեւավորման ուղղությամբ: Նախատեսվում է, որ խմբի գործունեության օրակարգում կլինեն ինչպես տարածաշրջանների միջեւ տնտեսական, այնպես էլ հումանիտար համագործակցության խնդիրները, նաեւ` առկա իրավապայմանագրային բազայի դյուրացման հարցերը:

Զրուցակիցները հաջողված համարեցին ապրիլին Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը` ընդգծելով նման ձեւաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, որը նպաստելու է երկու երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկրորդ համաժողովի անցկացման հնարավորությունները եւ այն նախապատրաստելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի մազպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով: Մասնավորապես նշվեց, որ առավել մեծ ուշադրություն կդարձվի զբոսաշրջության, փոքր եւ միջին ձեռներեցության, հումանիտար ոլորտներում համագործակցության խնդիրներին:

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ միջտարածաշրջանային մակարդակով երկկողմ համագործակցության հարցերը գտնվում են "Ռոսսոտրուդնիչեստվո" դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունում համապատասխան համակարգող կենտրոնի ուշադրության ներքո, եւ անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի հետ համագործակցության հարցերով հետաքրքրվող սուբյեկտներին, ընկերություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի նյութերը հրատարակելու վերաբերյալ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին