Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

00:00 / 30.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց համատեղ արդյունավետ համագործակցության առնչությամբ: Քննարկվեցին ՀԲ աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:

Անդրադարձ եղավ մասնավորապես ոռոգման համակարգում իրականացվող ծրագրին: Նշվեց, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է "Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիր"-ը, որի վավերացումից հետո անմիջապես ձեռնամուխ կլինեն դրա իրագործմանը, նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են: Քննարկվեցին նաեւ խմելու ջրի համակարգի բարեփոխումներին ուղղված "Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի" լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձան Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծին, ինչպես նաեւ քննարկեցին "Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրին" առնչվող հարցեր: Փոխվարչապետը նաեւ գոհունակություն հայտնեց մարզերում իրականացվող "Առողջապահական համակարգի արդիականացում" ծրագրի ընթացքից, ինչի արդյունքներն արդեն նկատելի են մարզերի բնակչության համար:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային կարգով համատեղ քննարկել ծրագրերի հետ կապված որոշ մանրամասներ:

Հասարակայնության հետ կապերի բաժին 
 

← Վերադառնալ ցուցակին