Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընթացիկ խնդիրները քննարկեց Շիրակի մարզում

00:00 / 25.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքներին եւ մարզպետարանում անցակացված խորհրդակցությանը քննարկեց ընթացիկ խնդիրները:

Մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Ազատան համայնքում, որտեղ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով հատկացված 60 մլն դրամով վերանորոգվում է մշակույթի տունը: Աշխատանքները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Փոխվարչապետն այցելեց Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր, որի տանիքի նորոգումը եւս իրականացվում է այս ծրագրով հատկացված 25 մլն դրամով: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին աշխատանքները կավարտվեն: Ծրագրի երկրորդ մասով 117 մլն դրամ է հատկացել Գյումրիի բազմաբնակարան շենքերի տանիքների, 69,2 մլն դրամ` քաղաքի Պռոշյան փողոցի վերանորոգման համար: Ա. Գեւորգյանը ծանոթացավ կատարվող աշխատանքներին. փոխվարչապետին զեկուցվեց, որ դրանք կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Ծրագրի երկրորդ մասով ընթացքում են նաեւ Պեմզաշեն համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների, Արթիկի ճանապարհների վերանորոգման, Նոր կյանք համայնքի հուշահամալիրի ցանկապատման աշխատանքները, որոնք եւս նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

Շիրակի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը փոխվարչապետին զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացման ընթացքի մասին: Ծրագրի առաջին մասով նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են` բացառությամբ Հայկաձորի խորքային հորի (որը կավարտվի առաջիկա օրերին) եւ Մայիսյան համայնքի մշակույթի տան կառուցման, որի` ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները կավատվեն մինչեւ տարեվերջ, սակայն երկրորդ մասով եւս գումարներ են հատկացվել տարածքի բարեկարգման համար:

Շիրակի մարզի համար հատկապես առաջնային էր բազմաբնակարան շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների նորոգման խնդիրը, այդ իսկ պատճառով ծրագրի թե առաջին, թե երկրորդ մասով միջոցների մեծ մասն ուղղվել է այդ նպատակներին:
Ծրագրի առաջին մասով նորոգվել են 81 բազմաբնակարան շենքերի տանիքներ, մի շարք համայնքների դպորցներում կառուցվել է կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ, իրականացվել է ճանապարհների հիմնանորոգում: Երկրորդ մասով կվերանորոգվեն 48 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաեւ դպրոցների տանիքներ, մի շարք համայնքներում կնորոգվեն ճանապարհներ, աջակցություն կցուցաբերվի նաեւ Առափի համայնքի սողանքային գոտում գտնվող 11 ընտանիքի` բնակարանների ձեռք բերման համար:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4, 3 մլրդ դրամի դիմաց կազմել են 4 մլրդ դրամ (կատարողականը`93.3%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 81,6%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 %-ի նվազում է արձանագրվել հողի հարկի (կատարողականը` 88.7 %) եւ 6,7%-ի նվազում` գույքահարկի (կատարողականը` 76.3%) հավաքագրման մասով:

Հողի հարկի հավաքագրման ցուցանիշները նվազել են Գյումրի, Այգաբաց, Կամո, Կապս, Կառնուտ, Հայկավան, Մայիսյան, Մարմաշեն, Արեւշատ, Հայրենյաց, Սպանդարյան, Տուֆաշեն համայնքներում, գույքահարկինը` Գյումրի, Բայանդուր, Մեղրաշեն, Պեմզաշեն, Ամասիա, Աշոցք, Կարմրավան, Կրասար, Ցողամարգ համայնքներում: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց հետեւողական աշխատանքներ իրականացնել` մինչեւ տարեվերջ հատկապես վերոնշյալ երկու հարկատեսակների մասով ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Առանձին քննարկվեցին գույքի վարձակալությունից ստացվող եկամուտների նվազման միտումները (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմետ նվազել է 2.7 %-ով) : Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց վերլուծել պատճառները` հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընդունված իրավական ակտերը համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր ապահովելու հնարավորություն են ստեղծում:

Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ գյուղատնտեսական տարվա արդյունքների մասին: Մարզում կատարվել է 20 950 հա աշնանացան` 3562 հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Այս տարի բարձր է եղել նաեւ բերքատվության ցուցանիշը. արտադրվել է 94 715 տոննա հացահատիկ` 14 567 տոննայով ավելի, քան նախորդ տարի, 80 830 հազ. տոննա կարտոֆիլ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել 11 483 տոննայով: Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Զեկուցվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Շիրակում եւս փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարեւորելով վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջների կատարումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին