Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Կոտայքի մարզպետարանում

00:00 / 23.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզի Բյուրեղավան եւ Հրազդան համայնքներ, ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքներին: Բյուրեղավանում ընթացքի մեջ են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որի համար 64,5 մլն դրամ էր հատկացվել ծրագրի առաջին, 50 մլն դրամ` երկրորդ մասով, ներդրումներ է կատարել նաեւ համայնքը: Աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, արդյունքում համայնքը կունենա ընդլայնված եւ անհրաժեշտ պայմաններով ապահովված մանկապարտեզ: Հրազդանում ծրագրի երկրորդ մասով վերանորոգվում է թիվ 2 դպրոցը, որի համար հատկացվել է 40 մլն դրամ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի իրականացման ընթացքի մասին փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում: Տեղեկացվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 1,3 մլրդ դրամով նախատեսված աշխատանքներն ավարտվել են` մարզի համայնքներում կատարվել են խմելու եւ ոռոգման ջրագծերի վերականգնման, գազիֆիկացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների, մշակութային եւ կրթական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ: Միայն Արգել համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան կահավորման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկա օրերին:

Ծրագրի երկրորդ մասով նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են: Հիմնականում կվերանորոգվեն դպրոցներ, մանկապարտեզներ, մի շարք համայնքներում կվերականգնվեն ջրագծեր: Տասը համայնքներում հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերի հավաքագրման կատարողականը կազմել է 100 %, հավաքագրվել է 3,8 մլրդ դրամ:
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 97, 8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 %-ով: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հողի հարկի (կատարողականը` 94.7%) եւ գույքահարկի (կատարողականը` 96.4%) հավաքագրման մասով որոշակի նվազում է նկատվել` համապատասխանաբար 2 եւ 2,2 տոկոսով: Հողի հարկի հավաքագրման մասով նվազում է արձանագրվել Աբովյան, Հրազդան, Մարմարիկ, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ֆանտան, Արամուս, Գառնի, Գողթ, Հատիս, Ջրվեժ, Գետամեջ, Զովունի, Նոր Գեղի, Պռոշյան, Նոր Արտամետ համայնքներում, գույքահարկի մասով` Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Եղվարդ, Արզական, Կոտայք, Ձորաղբյուր, Ջրվեժ, Գետամեջ, Զովունի համայնքներում: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարելով հավաքագրումների մակարդակը` պատասխանատուներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հատկապես վերոնշյալ երկու հարկատեսակների մասով ցուցանիշների բարելավմանը:

Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ գյուղատնտեսական տարվա արդյունքների մասին: Մարզում կատարվել է 6200 հա աշնանացան` 932 հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Այս տարի առատ է եղել նաեւ բերքը. արտադրվել է 20 448 տոննա հացահատիկ` նախորդ տարվա 11 031 տոննայի դիմաց, 28 306 տոննա բանջարեղեն` 8556 տոննայի դիմաց, 10 543 տոննա պտուղ` 8500 տոննայի դիմաց: Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ "Հրազդան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի" ընթացքին: Ծրագրով իրականացվել է խմելու ջրի քաղաքային ցանցի վերականգնում, ինչի արդյունքում կնվազեն ջրի կորուստները, ջրամատակարարման տեւողությունը միջինը կհասցվի 18 ժամի: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

Տեղեկություններ ներկայացվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարեւորելով վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջների կատարումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

← Վերադառնալ ցուցակին