Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` Տավուշի մարզպետարանում

00:00 / 22.11.2011

Տավուշի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ այսօր անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին մարզի ընթացիկ խնդիրները: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի իրականացման ընթացքի մասին: Տեղեկացվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 632 մլն դրամն օգտագործվել է նպատակային, նախատեսված աշխատանքներն իրականացվել են ողջ ծավալով:

Ծրագրի երկրորդ մասով նախագծային աշխատանքներն ավարտվել են, մրցույթները կայացել են, պայմանագրեր են կնքվել կազմակերպությունների հետ: Երկրորդ մասով մարզում հիմնականում կվերանորոգվեն եւ կվերակառուցվեն դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, ներհամայնքային ճանապարհներ, ջրամատակարարման համակարգեր:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված
1,8 մլրդ դրամի դիմաց կազմել են 1,6 մլրդ դրամ (կատարողականը` 91.4%):
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 80%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 %-ի նվազում է արձանագրվել հողի հարկի (կատարողականը` 69.1%), 11,7 %-ի նվազում` գույքահարկի (կատարողականը` 84.1%) մասով: Հողի հարկի հավաքագրման ցուցանիշները ցածր են Իջեւան, Այգեհովիտ, Գետահովիտ, Դիտավան, Սեւքար, Գոշ, Բերդ, Այգեձոր, Ն. Կ. Աղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Դեբետավան համայնքներում: Գույքահարկի հավաքագրման գծով նվազում է արձանագրվել Իջեւան, Դիլիջան, Լուսաձոր, Թեղուտ, Բերդ, Տավուշ, Նավուր, Բագրատաշեն, Նոյեմբերյան, Դեբեդավան համայնքներում:

Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց քայլեր ձեռնարկել մինչեւ տարեվերջ ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Այդ համատեքստում նա հանձնարարեց մարզպետարանի պատասխանատուներին աջակցություն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համար առավել իրատեսական բյուջեների կազմման հարցում, որտեղ հաշվի կառնվեն նաեւ եղած ռեզերվները:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ ավարտին են մոտենում աշնանացանի աշխատանքները. արդեն կատարվել է 4900 հա աշնանացան, նախատեսվում է ծավալը հասցնել 5803 հա-ի` նախորդ տարվա 5 255 հեկտարի դիմաց: Նախորդ տարվա համեմատ բարձր է նաեւ բերքատվության ցուցանիշը. այս տարի արտադրվել է 13 214տ խաղող` 1603 տ-ով ավելի, քան նախորդ տարի (մթերվել է 8011 տոննան), 10 148 տ պտուղ եւ հատապտուղ` նախորդ տարվա 6000 տոննայի դիմաց: Բարձր է եղել նաեւ ծխախոտի արտադրության ցուցանիշը` 700 տոննա` նախորդ տարվա 576 տոննայի դիմաց: Տեղեկություններ ներկայացվեցին սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման ընթացքի, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների մասին:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Սեպտեմբերին մարզում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Նոյեմբերյանի հիվանդանոցի ֆինանսական վիճակի հարցը. փոխվարչապետը համապատասխան հանձնարարական էր տվել մարզպետին, իսկ տնօրինությանը հորդորել էր միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ա. Ղուլարյանը զեկուցեց, որ իրականացվում է ֆինանսական առողջացման ծրագիր, որի արդյունքում բուժհաստատության կուտակած պարտքը հաջորդ տարի արդեն կզրոյացվի, եւ բնականոն գործունեությունը կշարունակվի:

Տավուշում եւս փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարեւորելով վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջների կատարումը:

Խորհրդակցությունից հետո Ա. Գեւորգյանն այցելեց Սեւքար համայնք, որտեղ շահագործման հանձնվեց "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի ծրագրով կառուցված երրորդ կարգի ջրանցքը: Արարողությանը ներկա էին նաեւ "ՀՄՀ- Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը, ԱՄՆ փոխդեսպանը, այլ պատասխանատուներ: Նոր` 16,4 կմ երկարությամբ ջրանցքը կենսական նշանակություն ունի համայնքի համար, որը ոռոգման խնդիր ուներ: Ջրանցքի կառուցման համար ներդրվել է 444 հազ. դոլար: Ծրագրով ջրանցքներ են վերականգնվել մարզի յոթ համայնքներում, ինչն առավել դյուրացրել է ոռոգման կազմակերպման գործընթացը:

Փոխվարչապետն այցն ավարտեց Լուսաձոր համայնքում: "Հայաստան" համահայկական հիմնադրամի կողմից` Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի ֆինանսական աջակցությամբ մարզում իրականացվում է գյուղատնտեսական ծրագիր` ուղղված համայնքներում սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագրի անասնապահական բաղադրիչի երկրորդ փուլով արդեն ներկրվել է 80 երինջ, որոնք կբուծվեն Լուսաձորի ֆերմայում` շահառու համայնքներին բաշխելու համար: Համայնքներում նախատեսվում է նաեւ կոոպերացիաների ստեղծում: Լուսաձորում ներկայումս իրականացվում է ֆերմայի, ինչպես նաեւ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի շինարարություն: Փոխվարչապետին ներկայացվեցին ծրագրի ընթացքը, ակնկալվող արդյունքները:

Հասարակայնության հետ կապերի բաժին 
 

← Վերադառնալ ցուցակին