Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն աշխատանքային այցով Տավուշում է

00:00 / 22.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Ա.Ղուլարյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լ. Շահվերդյանի, այլ պատասխանատուների ուղեկցությամբ նախ այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվեց, որ ներդրումային ծարագրի առաջին փուլը, որի ծավալը կազմում է 80-85 մլն դոլար, մեկնարկել է այս ամռանը: Աշխատանքներն ընթանում են համապատասխան ժամանակացույցի: Տեղում շինարարության պատասխանատուների եւ տեղական ու տարածքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ենթակառուցվածքների տեղափոխման, շինարարական գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր:

Դիլիջանում Ա. Գեւորգյանը ներկա գտնվեց նաեւ "ԱրմենիաԻնֆո" տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսին, որին մասնակցում էին Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Ահրենսը, Լոռու եւ Տավուշի մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Համակարգը մշակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, եւ տվյալներ է ներկայացնում Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) ցուցանիշների վերաբերյալ: "ԱրմենիաԻնֆոն"-ն ընդլայնվում է նաեւ մարզային մակարդակով: Այցելելով www.armdevinfo.am կայքէջ` բազայից հնարավոր է ՀԶՆ ցուցանիշների վերաբերյալ ստանալ ինչպես
հանրապետական, այնպես էլ մարզային տվյալներ:

Ա. Գեւորգյանը բարձր գնահատեց կատարված համատեղ աշխատանքը` նկատելով, որ համակարգի ստեղծումն ու մարզային մակարդակով ընդլայնումը հնարավորություն է տալիս ունենալ առավել ամբողջական տվյալներ:

Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց Իջեւան, որտեղ մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին