Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` Արարատի մարզպետարանում

00:00 / 18.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները եւ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով խորհրդակցությունների անցկացումը:

Ա. Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզի Վերին Արտաշատ եւ Նորաշեն համայնքներ, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով վերանորոգվել են դպրոցները, Վերին Արտաշատում` նաեւ մանկապարտեզը: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցերը նաեւ մարզպետարանում անցկացված խորհրդակցության օրակարգում էին, որին մասնակցում էին Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուները: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում կատարվել են. դրանում ընդգրկված 84 ծրագրերից աշխատանքներն արդեն ավարտվել են 82-ում, իսկ Մասիսի թիվ 7 մանկապարտեզը սնող գազատարի կառուցման եւ Վեդու մշակույթի տան հիմնանորոգման` ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 1- ը:

Երկրորդ մասում ընդգրկված 41 ծրագրերից սկսվել եւ ընթացքի մեջ են 8-ի աշխատանքները: Ծրագրի երկրորդ մասով մարզի համայնքներում հիմնականում կվերանորգվեն կրթական, առողջապահական հաստատություններ, ներհամայնքային ճանապարհներ: Բացի վերանորոգման աշխատանքներից, կիրականացվեն նաեւ խոշոր ծրագրեր, օրինակ` Այնթապում կկառուցվի նոր մանկապարտեզ, կմաքրվի Արտաշատի քաղաքային` ճահիճի վերածված լիճը եւ կբարեկարգվի հարակից տարածքը:

Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքերի` ժամանակին եւ որակով իրականացումը`մարզպետին հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել ընթացքը:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3,6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 5 մլրդ դրամ (կատարողականը`95.9%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91.8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 %-ով: Որոշակի նվազում է արձանագրվել գույքահարկի հավաքագրման մասով. կատարողականը կազմել է 78 %` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.1 %-ով: Այս հարկատեսակի հավաքագրման մասով հիմնականում նվազում է նկատվում Արտաշատ, Վեդի, Այգեստան, Արալեզ, Արգավանդ, Գեղանիստ, Հովտաշատ, Նիզամի, Նորաշեն, Մարմարաշեն, Նոր Ուղի, Ջրաշեն, Սայաթ-Նովա, Վանաշեն համայնքներում: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարելով հավաքագրման տեմպերը` մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց քայլեր ձեռնարկել հատկապես գույքահարկի մասով ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Անդրադարձ եղավ նաեւ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորեց մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան մինչեւ դեկտեմբերի 14-ն ավարտել նախագծերի կազմման եւ հաստատման գործընթացը ու փաստաթղթերը քննարկման ներկայացնեն ավագանու նիստերում:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ ավարտին են մոտենում աշնանացանի աշխատանքները: Արդեն մոտ 4100 հա հողատարածքում ցանք է կատարվել, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 125 հեկտարով: Նշվեց, որ ավելացումը պայմանվորված է ինչպես կառավարության կողմից իրականացվող սերմարտադրության, այնպես էլ "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի"` ոռոգման համակարգի վերականգնման ծրագրերով: Մարզում այս տարի արտադրվել է 94600տ խաղող` 1281տ-ով ավելի, քան նախորդ տարի, մթերվել է 67687,7տ, որի դիմաց վճարումները կատարվել են 90%-ով: Արտադրված 26 300տ ծիրանի մեծ մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Նշվեց, որ բերքի սպառման հարցում խնդիրներ չեն առաջացել: Պահածոների գործարանների կողմից մթերվել է 26614տ բանջարեղեն եւ 486.8տ պտուղ, գյուղացիական տնտեսություններին վճարվել է մթերված բերքի գումարի 85%-ը: Տեղեկություններ ներկայացվեցին սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման ընթացքի, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների մասին:

Ներկայացվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի, համայնքների հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների կազմման ընթացքը: Տեղեկացվեց, որ այս տարի սկսվել է Մասիս եւ Այգավան համայքների գլխավոր հատակագծերի մշակման գործընթացը: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Փոխվարչապետը կարեւորեց նաեւ համայքների կողմից համաֆինանսավորումների ժամանակին իրականացումը` նկատելով, որ դա առաջին հերթին բխում է այդ իսկ համայքների շահերից:

Խորհրդակցության ընթացքում տվյալներ ներկայացվեցին մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Արարատի մարզում եւս փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացվեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանպարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Ա. Գեւորգյանը պահանջեց պահպանել վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջները, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների` մասնավորապես իրավաբանական անձանց, կադաստրային գրանցումների, վարորոդական վկայականի տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը:

Փոխվարչապետի մարզային խորհրդակցություններն առաջիկայում նույնպես կշարունակվեն:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին