Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու հնարավորությունները

00:00 / 18.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի ներկայացուցիչ Մայքլ Ստայներին եւ ԵՄ "Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը" ԹՎԻՆԻՆԳ ծրագրի մշտական խորհրդատու, Դանիայի վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Թոմաս Բիին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ազգային վիճա¬կագրա¬կան ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Քննարկվեցին Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

ՄԱԿ-ն առաջարկում է ԳՀՀ անցկացնել յուրաքանչյուր տասը տարվա կտրվածքով: ԳՀՀ անցկացվում է ՄԱԿ-ի անդամ շատ, այդ թվում`ԱՊՀ երկրներում: ՄԱԿ-ի անդամ երկրների համար ԳՀՀ արդյունքները համարվում են ոլորտի վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը, եւ տվյալները կարող են օգտագործվել գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն եւ ծրագրեր մշակող պետական մարմինների, ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, հետազոտող ընկերությունների կողմից: ԳՀՀ-ն համարվում է յուրովի ներդրում, որը հետագայում նպաստելու է գյուղատնտեսության ու գյուղական վայրերի զարգացմանը, եւ կարեւորվում է նաեւ պարենային անվտանգության տեսնակյունից:

Հյուրերն առաջարկեցին նման միջոցառում Հայաստանում անցկացնել առաջիկայում` օգտագործելով այս տարվա հոկտեմբերին անցկացված մարդահամարի ռեսուրսները:

Փոխվարչապետը կարեւորելով ԳԳՀ նշանակությունը` պատրաստակամություն հայտնեց շահագրգիռ մարմինների, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Նա նաեւ առաջարկեց շահագրգիռ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել տեղեկատավական արշավներ` ներկայացնելու ԳՀՀ նշանակությունն ու կարեւորությունը:

Հյուրերը ողջունեցին տեղեկատվական արշավների կազմակերպման գաղափարը` նշելով, որ թե ՄԱԿ-ը, թե ԵՄ-ն պատրաստակամ կլինեն համագործակցել այդ խնդրում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին