Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

00:00 / 16.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին եւ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Կողմերը գոհունակություն հայտնեցին ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի ընթացքի առնչությամբ, արձանագրվեց, որ դրանք իրականացվում են հաջողությամբ եւ նպաստում են մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:

Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծի հետ կապված հարցեր: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ նախագիծը նախապատրաստման փուլում է եւ փետրվարին կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Քննարկվեցին նախագծի նախապատրաստման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր:

Մասնավորապես անդրադարձ եղավ ծրագրով վերանորոգվող եւ վերակառուցվող հաստատությունների հետագա պահպանման, համայնքների կողմից համաֆինանսավորման եւ մի շարք այլ խնդիրների: Նշվեց, որ նախագծում նախատեսվում է ներառել նաեւ ՏԻՄ-երի կարողությունների զարգացման բաղադրիչ, որի շրջանակում կկազմակերպվի ՏԻ մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում: Փոխվարչապետը ողջունելի համարեց նման մտադրությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 


 

← Վերադառնալ ցուցակին