Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ

00:00 / 11.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցեց Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է "Հայաստանի մանուկներ" հիմնադրամի (COAF) "Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի" շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան եւ մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման եւ կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո։

Ա. Գեւորգյանը կառավարության անունից շնորհակալության հայտնեց հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն: Նա գնահատելի համարեց այն, որ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաստատությունների վերանորոգմանը, այլեւ կադրերի վերապատրաստման հարցերին:

Փոխվարչապետն այցելեց նաեւ Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացավ նախապատրաստական աշխատանքներին: Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Տեղեկացվեց, որ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները:

Այնուհետեւ Ա. Գեւորգյանը ծանոթացավ նույն ծրագրում ընդգրկված Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության վերանորոգումը:

Փոխվարչապետը պատասխանատուներին մեկ անգամ եւս հանձնարարեց հետեւել աշխատանքների որակին, ինչպես նաեւ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք հնարավորինս չխոչընդոտեն ուսումնական գործընթացին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին