Նորություններ

Պաշտոնական

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը

00:00 / 10.11.2011

Հայաստանում տեղական ինքնակառավարման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր անցկացվեց "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, մարզպետներ, գյուղապետեր, ոլորտի ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ:

Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակներ հանձնեց ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը:

Մրցանակներ հանձնվեցին վեց անվանակարգերում: "Լավագույն համայնք" անվանակարգում պարգեւատրվեցին Շիրակի մարզի Արթիկ եւ Արարատի մարզի Մխչյան համայնքները: "Մաքուր համայնք" ճանաչվեցին Արագածոտնի մարզի Թալին քաղաքային եւ Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքները: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքն արժանացավ խրախուսական պարգեւի "Լավագույն կանաչապատ համայնք" անվանակարգում:

"Լավագույն համայնքային կայք" անվանակարգում պարգեւատրվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքը եւ խրախուսական պարգեւով` Շիրակի մարզի Գյումրի քաղաքը:

 Համայնքային կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լավագույն լուսաբանման համար պարգեւատրվեց "Հետք" ինտերնետային թերթը:

 "Մշակութային լավագույն համայնք" ճանաչվեցին չորս` Գյումրի, Արտաշատ քաղաքային եւ Օշական, Կողբ գյուղական համայնքները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ "Հայաստանի համայնքների միության" կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է եւ կազմակերպվում է 2006 թվականից։

Տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում ունեցած ներդրման համար "Հայաստանի համայնքների միություն" իրավաբանական անձանց միության ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեցին ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, պաշտոնատար այլ անձինք։

ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովում  տեղի ունեցավ  ոլորտի ներկայացուցիչների պարգեւատրման  հանդիսավոր արարողություն: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պարգեւատրվեցին Ազգային ժողովի Պատվո մեդալով: Ընդհանուր  առմամբ ԱԺ Պատվո մեդալի եւ Աժ պատվոգրի արժանացան համակարգի շուրջ 60  ներկայացուցիչներ:
 
ՏԻՄ 15-ամյակի միջոցառումներն ամփոփվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված տոնական երեկոյով:

 Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին