Նորություններ

Պաշտոնական

"Ակադեմիա" պատկերասրահում բացվեց Նանսենի 150-ամյակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

00:00 / 09.11.2011

Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր "Ակադեմիա" պատկերասրահում բացվեց հայ ժողովրդի նորվեգացի մեծ բարեկամին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Աշխարհի հայ նկարիչների միության կողմից` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ, Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Ցուցադրված են նանսենյան թեմատիկայով շուրջ 50 գործեր` գեղանկարներ, քանդակներ: Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ նաեւ "Ֆրիտյոֆ Նանսեն" պատկերագրքի շնորհանդեսը: Գրքում, բացի ցուցահանդեսում ներկայացված գործերից, զետեղված են նաեւ Նանսենի մարդասիրական գործունեության մասին պատմող հարուստ նյութեր, վավերագրեր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Նշենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք այսօրվա հոբելյանական երեկոյով եւ համերգով կեզրափակվեն աշխարհահռչակ հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Համերգին կմասնակցեն նաեւ նորվեգացի դիրիժոր Թերյե Միկելսենը, շեփորահար Թորմոդ Ասգարդը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին