Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Եգիպտոսի մշակույթի փոխնախարարին

00:00 / 07.11.2011

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի փոխնախարար Հուսամ Սաադ Զաղլուլ Նասարի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է նոյեմբերի 4-11-ն անցկացվող Եգիպտոսի մշակույթի օրերի կապակցությամբ:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Եգիպտոսի բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացմամբ` գոհունակություն հայտնելով, որ երկկողմ համագործակցություն է ծավալվում բոլոր` թե քաղաքական ու տնետեսական, եւ թե կրթամշակութային ուղղություններով: Ողջունելով Հայաստանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումը` նա նկատեց, որ մշակութասեր հանրությունն այս օրերին լավ հնարավորություն ունի ծանոթանալու եգիպտական արվեստի բոլոր ճյուղերին: Փոխվարչապետը կարեւորեց մշակութային փոխադարձ ծրագրերի եւ միջոցառումների իրականացումը բարեկամական դարավոր հարաբերություններ ունեցող երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման խորացման տեսանկյունից: Ա. Գեւորգյանը նաեւ ավելացրեց, որ Եգիպտոսում նոր կառավարության ձեւավորումից հետո միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին հնարավոր կլինի նոր թափ հաղորդել:

Եգիպտոսի մշակույթի փոխնախարարը նկատեց, որ մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ մշակութային կապերի խորացմանը, եւ Եգիպտոսի արտաքին մշակութային ռազմավարության մեջ Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի: Նա նշեց, որ Եգիպտոսում անցած տարի կազմակերպված Հայաստանի մշակութային օրերը մեծ հաջողություն են ունեցել: Փոխնախարարի խոսքով` Եգիպտոսում գիտեն, որ ներկայանում են հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող երկրում, եւ ձգտել են ցուցադրել լավագույնը, ինչ ունեն: Նա նաեւ առանձնահատուկ ընդգծեց հայ համայնքի դերն ու ներդրումը ` Եգիպտոսի մշակութային ոլորտի զարգացման գործում:

Նշենք, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 4-11-ը Հայաստանում անցկացվում են Եգիպտոսի մշակույթի օրեր, իսկ 2010 թ. սեպտեմբերին հայկական մշակույթի օրեր էին կազմակերպվել Եգիպտոսում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին