Նորություններ

Պաշտոնական

Վարշավայում ՀՀ փոխվարչապետը հանդիպեց Լեհաստանի տարածքային զարգացման նախարարի հետ

00:00 / 03.11.2011

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վարշավայում հանդիպեց Լեհաստանի տարածքային զարգացման նախարար Էլիզաբետա Բիենկովսկայայի հետ:

Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-լեհական միջպետական կանոնավոր հարաբերությունների առնչությամբ` նկատելով, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակով փոխվստահելի քաղաքական երկխոսություն: Նշվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման եւ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու համար:

Երկուստեք նշվեց, որ առկա առեւտրաշրջանառության ծավալը չի գոհացնում կողմերին: Միաժամանակ արձանագրվեց, որ տնտեսական համագործակցության բնագավառում առկա ներուժի իրացման համար ձեւավորված է լավ իրավապայմանագրային դաշտ: Կարեւորվեց Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակում քննարկվում են փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Երկկողմ շփումների ակտիվացմանը կնպաստի նաեւ լեհական LՕT ավիաընկերության կողմից իրակացվող Վարշավա-Երեւան չվերթը:

Անդրադառնալով ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին` փոխվարչապետն ընդգծեց, որ այն նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի եւ Եվրամիության ու նրա անդամ երկրների միջեւ համագործակցությունը: Բարձր գնահատելով այս ծրագրում Լեհաստանի կարեւոր ներդրումն ու դերակատարությունը` նա հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում լեհական փորձի կիրառմանն առնչվող հարցեր:

Է. Բիենկովսկայան շնորհավորեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ` համակարգի հետագա բարեփոխումների գործում աջակցության պատրաստակամություն հայտնելով:

Փոխվարչապետն իր հերթին նշեց, որ ապակենտրոնացման լեհական փորձը օգտակար կարող է լինել Հայաստանում ՏԻ ոլորտի բարեփոխումների համար: Դրական գնահատելով երկու նախարարությունների միջեւ սկիզբ առած գործակցությունը եւ 2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը` կողմերը կարեւորեցին այն առավել գործնական եւ ակտիվ դարձնելու անհրաժեշտությունը:

Երկուստեք կարեւորվեց նաեւ երկու երկների ռեգիոնների միջեւ ուղիղ շփումների հաստատման եւ զարգացման, նրանց միջեւ տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Նշվեց, որ այս ոլորտում արդեն առկա է համագործակցության փորձ. Հայաստանի մի շարք մարզեր եւ քաղաքներ համագործակցում են Լեհաստանի տարածքային միավորների հետ, եւ առկա են կապերը խորացնելու լավ նախադրյալներ: Դրական համարվեց Երեւանի եւ Վարշավայի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին