Նորություններ

Պաշտոնական

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը` մարզպետների մասնակցությամբ

00:00 / 02.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքային բյուջեների կատարողականի արդյունքները` նոյեմբերի 1-ի դրությամբ:

Տեղեկացվեց, որ ընդամենը եկամուտների մասով ընթացիկ տարվա 10 ամսվա կատարողականը կազմել է 82,7, սեփական եկամուտների կատարողականը` 82,2 տոկոս, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,4 տոկոս:

Ա. Գեւորգյանը մարզպետներին կոչ արեց համայնքների հետ ամենօրյա աշխատանքներ իրականացնել` մինչեւ տարեվերջ նախատեսված ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ:

Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Մարզպետները տեղեկացրին, որ հիմք ընդունելով «2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը, համայնքներում ընթացքի մեջ են բյուջեների կազմման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:

Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ ներկայացվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշվեց, որ կատարողականը կազմում է 92,7 տոկոս: Որոշ ծրագրեր շարունակվում են Գեղարքունիքի մարզում, որոնք ավարտին կհասցվեն մինչեւ նոյեմբերի կեսերը: Զեկուցվեց, որ բոլոր մարզերում մեկնարկել է երկրորդ ծրագիրը, գրեթե ավարտված են նախագծային աշխատանքները, եւ առաջիկայում կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` շինարարական աշխատանքների իրականացման նպատակով: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար այս տարի կառավարության պահուստային ֆոնդից մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 10-ական մլրդ դրամ:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հետեւել ծրագրի ընթացքին:

Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, բերքահավաքի արդյունքների մասին:

Անդրադարձ եղավ նաեւ "Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի" կողմից համայնքների գազիֆիկացման հետ կապված հարցերին: Փոխվարչապետը հանձնարարեց համապատասխան գրասենյակի հետ քննարկել եւ կարգավորել համայնքների համաֆինանսավորման հետ կապված հարցերը` ծրագիրն ամբողջությամբ եւ ժամանակին իրականացնելու համար:

Քննարկվեցին ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի եզրափակիչ միջոցառումների կազմակերպչական հարցեր: Հոբելյանական միջոցառումները կամփոփվեն նոյեմբերի 10-ին`Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվելիք հանդիսավոր նիստով, որին հրավիրվելու են նաեւ հանրապետության բոլոր` 915 համայնքների ղեկավարները:

Անդրադարձ եղավ նաեւ վերջերս ԼՂՀ կատարած աշխատանքային այցին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին