Նորություններ

Պաշտոնական

Սահմանային անցակետերի արդիականացման խնդիրներին վերաբերող որոշման նախագիծը կներկայացվի կառավարություն

00:00 / 02.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեց «Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի եւ Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքների քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի կատեգորիան փոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ:

Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ համայնքներում տեղակայված սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ հողամասերի, շենք-շինությունների գույքագրման գործընթացն ավարտվել է, մասնագետները հաշվարկներ են կատարել նաեւ փոխհատուցման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ` լրացուցիչ 24 հա տարածք է հատկացվելու անցակետերին:

Փոխվարչապետը հանձնարարեց նախագիծը սեղմ ժամկետներում ներկայացնել կառավարություն: Կարեւորելով սահմանային անցակետերի արդիականացման եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ծրագրի իրականացումը` նա պատասխանատուներին հանձնարարեց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տանել` որոշման ընդունումից հետո գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

← Վերադառնալ ցուցակին