Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպանին

00:00 / 01.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկու երկրների միջեւ համագործակցութունը զարգացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորեց Եգիպտոսի հետ առկա հարաբերությունների զարգացումը, նշելով, որ կներդրվեն բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ ձեւավորված գիտակրթական, մշակութային կապերի պահպանման, զարգացման ուղղությամբ: Ա. Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ այս առումով համագործակցության արդյունավետ հարթակ կարող է դառնալ արդեն ձեւավորված միջկառավարական հանձնաժողովը: Անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման հարցերին:

Փոխվարչապետը կարեւորեց Եգիպտոսի տեխնիկական աջակցության հիմնադրամի ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես նաեւ ողջունեց Հայաստանում առաջիկայում կազմակերպվելիք Եգիպտոսի մշակույթի օրերի անցկացումը:

Դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին նշեց, որ Եգիպտոսը նույնպես շահագրգռված է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները եւ համագործակցության հնարավորություններ է տեսնում զբոսաշրջության, արդյունաբերության, մշակութային ոլորտներում: Նախատեսվում է ստեղծել նաեւ երկու երկրների գործարարների միություն: Նրա խոսքով` հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը հնարավոր կլինի անցկացնել Եգիպտոսում նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ կհաստատվի մրջկառավարական հանձնաժողովի եգիպտական կողմի կազմը: Մինչ այդ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը կգույքագրեն համագործակցության հնարավոր ոլորտները:

 Դեսպանը ներկայացրեց նաեւ Եգիպտոսում առկա իրավիճակը եւ երկրի կայունացմանն ուղղված ժամանակավոր կառավարության նախաձեռնած քայլերը:

 ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

← Վերադառնալ ցուցակին