Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն ընդունեց Օզասկոյի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

00:00 / 26.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` փոխվարչապետը նշեց երկու երկրների միջեւ ավանդաբար ջերմ եւ բարեկամական հարաբերությունները` նկատելով, որ Հայաստանում դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ է ստեղծել: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին, ով աջակցում է երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացմանը, ինչին մեծ կարեւորություն է տալիս ՀՀ կառավարությունը:

Փոխվարչապետի խոսքով` երկու երկրների տարածաշրջանների միջեւ ուղիղ փոխգործակցությունը հնարավորություն է ստեղծում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Նա գոհունակություն հայտնեց Գյումրիի եւ Օզասկոյի միջեւ ծավալվող գործակցության առնչությամբ ` նկատելով, որ անգամ տարածությունը չի կարող խոչընդոտ լինել բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման համար:

Քաղաքապետ Էմիդիո դե Սոուզան տեղեկացրեց, որ Գյումրիի տեղական իշխանությունների հետ քննարկել են քույր քաղաքների միջեւ կապերի զարգացման ուղղությունները` ընդգծելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ: Մասնավորապես` հեռանկարային են համարվում տնտեսական, մշակութային ոլորտները: Հարաբերությունների զարգացման հարցում նա կարեւորեց նաեւ հայ համայնքի դերը, որի ներկայացուցիչներն ակտիվ ներգրավված են Սան Պաուլո նահանգի ֆինանսական եւ տեխնոլոգիական կենտրոններից համարվող Օզասկոյի բոլոր ոլորտներում եւ պատրաստակամ են աջակցելու երկու քույր քաղաքների միջեւ կապերի խորացմանը:

Ա. Գեւորգյանը ողջունեց համագործակցությունը զարգացնելու մտադրությունը` նշելով, որ ավերիչ երկրաշարժից հետո Գյումրին տարեցտարի ոտքի է կանգնում: "Ուրախ եմ, որ մտադիր եք ամրապնդելու Գյումրիի հետ կապերը, գյումրեցիներն արժանի են լավ ընկերներ ունենալու",- նշեց փոխվարչապետը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին