Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը

00:00 / 25.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին 6 քաղաքների ղեկավարներ:

Զրուցակիցները քննարկեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գործընկեր երկրների հետ նման կապերի զարգացմանը, որոնք նպաստում են տարածաշրջանների միջեւ ուղիղ շփումների հաստատմանը, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը եւ հույս հայտնեց, որ այս այցը գործնական հարաբերությունների ստեղծման նախադրյալ կդառնա: Ա. Գեւորգյանի խոսքով` նոր կապերի հաստատման արդյունավետ հարթակ կարող են լինել եվրոպական համապատասխան կառույցները, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական ռեգիոնների ասամբլեան, որոնց հետ համագործակցում են թե Հայաստանը, թե Ռումինիան:

Հյուրերը նշեցին, որ իրենց երկիրը, որն ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բավականին հարուստ փորձ ունի, նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ տեղական մակարդակով համագործակցություն ծավալելու հարցում:

Քաղաքապետերը կայցելեն Տավուշի եւ Շիրակի մարզեր, կհանդիպեն տարածքային եւ տեղական իշխանությունների հետ, կծանոթանան համագործակցության հնարավորություններին, տեղերում կքննարկեն փոխգործակցության հեռանկարները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին