Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի հերթական նիստը

00:00 / 25.10.2011

Այսօր տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Քննարկվեցին "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր հողամասերի վարձակալության հետ կապված հարցեր: Խորհուրդն արձանագրեց, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր եւ շինություններով չծանրաբեռնված հողամասերի վարձակալության պայմանագրերի վերակնքման հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, ուստի "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ին հանձնարարվեց Բնապահպանության նախարարության հետ համատեղ նոր առաջարկությոըններ ներկայացնել խնդրի կարգավորման ուղղությամբ:

"Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ին հանձնարարվեց գույքագրել եւ երկշաբաթյա ժամկետում խորհրդին ներկայացնել այն վարձակալների ցանկը, որոնց պայմանագրերի ժամկետը լրանում է մինչեւ տարեվերջ եւ 2012թ -ին:

ՊՈԱԿ-ին հանձնարարվեց նաեւ գույքագրել ու մինչեւ տարեվերջ տեղեկատվություն ներկայացնել ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու տարածքում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտների վերաբերյալ:

Խորհրդի նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց Սեւանա լճի մաքրման աշխատանքների մասին` նշելով, որ այս տարվա մաքրման ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ դեկտեմբերի կեսերը: Նախարարը հավաստիացրեց, որ ներկրված տեխնիկան ծառայում է նպատակին, եւ ջրի մեջ կատարվում են անհրաժեշտ մաքրման աշխատանքներ:

Խորհրդի նախագահ Ա. Գեւորգյանը նույնպես նկատեց, որ 2011թ. համար ծրագրված մաքրման աշխատանքները նախատեսված ծավալով իրականացվում են, սակայն մաքրման ենթակա տարածքներն ավելի մեծ են, եւ նախատեսված միջոցները բավարար չեն դրանց ամբողջական մաքրման համար: Ուստի, ըստ նրա, կատարվածը պետք է գնահատել եւ մտածել ավելի մեծ ծավալի աշխատանքների իրականացման հնարավորությունների մասին:

Խորհրդի անդամ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի
հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, անդրադառնալով այս հարցին, նկատեց, որ բավականին աշխատանք կատարվել է, իսկ նոր տեխնիկան որակի առումով բեկում է մտցրել աշխատանքներում: Ըստ նրա` կատարված հետազոտությունների արդյունքներով վերջին 40 տարվա ընթացում առաջին անգամ ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին