Նորություններ

Պաշտոնական

Վ. Տերտերյանը մասնակցեց ՄԱԶԾ փաստաթղթերի շնորհանդեսին

00:00 / 19.10.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա գտնվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` "Անցումային շրջանից դեպի ներառական հասարակություններ" խորագրով մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույցի եւ Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսին:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան հույս հատնեց, որ երկու փաստաթղթերն էլ կնպաստեն քննարկումների եւ նոր հետազոտությունների անցկացմանը: ՄԱԶԾ-ն ակնկալում է, որ մասնավորապես` Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրությունն իր ազդեցությունը կունենա եւ կօգտագործվի տարբեր մակարդակներում քաղաքականությունների մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում: Այս նպատակով հավաքագրված տվյալների բազան կտրամադրվի ՀՀ կառավարությանը, Հայաստանում գործող հետազոտական եւ վերլուծական կենտրոններին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորեց ուսումնասիրության արդյունքները`ընգծելով, որ դրանք օգտակար կլինեն տարածքների համաչափ զարգացման, վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործընթացներում:Նա նշեց, որ թեեւ ուսումնասիրության արդյունքները համայնքային մակարդակում որոշակի դրական միտումներ են արձանագրել` մասնավորապես` ՏԻՄ-ի նկատմամբ մարդկանց վստահության աճ, սակայն բացահայտել են ցածր ցուցանիշներ` քաղաքացիական մասնակցության, միջհամայնքային համագործակցության, ինստիտուցիոնալ մակարդակում սոցիալական արդարության ոլորտներում, որոնք հաշվի կառնվեն քաղաքականությունների մշակման ժամանակ:

Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանի մարզերում եւ Երեւանում: Այն ներառում է արդյունքներ հասարակության մեջ մարդկանց ներառվածության, Հայաստանի քաղաքացիների կողմից տարբեր հաստատությունների, այդ թվում` ՏԻՄ-երի նկատմամբ վստահության, քաղաքացիական մասնակցության մակարդակի, ինստիտուցիոնալ մակարդակում սոցիալական արդարության, հանդուրժողականության եւ այլ ցուցանիշների վերաբերյալ եւ ներկայացնում է դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ:

 Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին