Նորություններ

Պաշտոնական

Կայացավ ՀՀ ՏԿ եւ Սփյուռքի նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստ

00:00 / 12.10.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի եւ ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ատյանի այսօրվա համատեղ նիստում տեղեկատվություն ներկայացվեց 2011թ. "Արի տուն" ծրագրի արդյունքների վերաբերյալ, որը կոլեգիան ընդունեց ի գիտություն:

"Արի տուն" ծրագիրն իրականացվում է 2009 թվականից եւ նպատակ ունի սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանը, ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապը: Ծրագրին 2011 թ. մասնակցել է 800 երիտասարդ աշխարհի 35 երկրներից: Այս տարի նրանք հյուրընկալվել են մայրաքաղաքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի ընտանիքներում, շրջել Հայաստանի տեսարժան վայրերում, հանդիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մշակույթի գործիչների հետ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն "Արի տուն" ծրագիրը հաջողվածներից մեկը համարեց, նշելով, որ այն հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Սփյուռքի , այլեւ Հայաստանի մեր հայրենակիցների շրջանում, ինչը իր դրսեւորումն է ստացել ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերվող ամենօրյա աջակցությամբ: Ա. Գեւորգյանը շնորհալակություն հայտնեց ծրագրին օժանդակած տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ կառույցների եւ անհատների` նրանց աջակցությունը համարելով ծրագրի հաջողության երաշխիքներից մեկը:

Ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնվեց Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզպետներին, մի շարք համայնքապետերի, ծրագրի իրականացման գործում ներգրավված կազմակերպությունների եւ անհատների:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի իրականացման համար կարեւորեց հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցը եւ այդ գործընթացում ընդգծեց տարածքային կառավարման եւ ՏԻ մարմինների դերը:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության եւ տարածքային կառավարման ու ՏԻ մարմինների միջեւ համագործակցությունը շարունակական կլինի, եւ կգործադրվեն բոլոր ջանքերը` ծրագրին ավելի շատ երիտասարդների մասնակցություն ապահովելու ուղղությումբ:

ՀՀ մարզպետներին հանձնարարվեց մինչեւ հունվարի 1-ը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնել այն համայնքների ցանկը, ովքեր ցանկություն կունենան մասնակցել 2012թ. ծրագրին:

Նիստում քննարկվեց նաեւ "Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար համահայկական ամենամյա մրցանակաբաշխության" ընթացքը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ: Այս տարի հայտարարված են մրցույթներ "Մայրենիի լավագույն ուսուցիչ", "Լավագույն երիտասարդական կազմակերպություն", 'Կտոր մը հայրենիք" անվանակարգերում: Ներկայացված հայտերը կամփոփվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին