Նորություններ

Պաշտոնական

Մեկնարկեց Գյուղական համայնքների առաջին համաժողովը

00:00 / 10.10.2011

Այսօր Ջերմուկում իր աշխատանքները սկսեց Գյուղական համայնքների առաջին համաժողովը: Երկօրյա համաժողովն անց է կացվում ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում եւ նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը` երկխոսության, փորձի, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն իր աշխատանքները կավարտի վաղը, որի փակման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաժողովին մասնակցում են տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման, պատասխանատու պետական կառավարման մարմինների, մարզերում եւ համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ, փորձագետներ:

Համաժողովի շրջանակում կանցկացվի երկու լիագումար նիստ, կազմակերպվել է ցուցահանդես` նվիրված հանրապետության մարզերում եւ համայնքներում անցած 20 տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունքներին ու ձեռքբերումներին: Երկու օրերի ընթացքում քննարկումներ կլինեն 10 աշխատանքային խմբերում հետեւյալ` "Համայնքային ենթակառուցվածքներ՝ ջրային տնտեսություն, էներգետիկ ենթակառուցվածքներ, քաղաքաշինություն", "Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը գյուղական համայնքներում", "Գյուղատնտեսություն՝ քաղաքականություն, ծրագրեր, զարգացման տեսլականներ", "Վարչատարածքային բարեփոխումներ՝ տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները", "Բնապահպանություն եւ հանքարդյունաբերություն", "Համայնքային ենթակառուցվածքներ՝ սոցիալական եւ առողջապահական ոլորտներ (քաղաքականություն, ծրագրեր, զարգացման տեսլականներ)", "Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները գյուղական միջավայրում", "Մշակույթն ու կրթությունը գյուղական համայնքներում՝ (քաղաքականություն, ծրագրեր, զարգացման տեսլականներ)", "Բանկային համակարգ՝ վարկային գործիքները գյուղական համայնքներում", "Նոր տեխնոլոգիաներ" թեմաներով: Նշված աշխատանքային խմբերում ՏԻ մարմինների եւ պետական ու շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները, կներկայացվի նույնատիպ հարցերի լուծման միջազգային դրական փորձը:

Ակնկալվում է, որ համաժողովը կունենա գործնական արդյունքներ, կնախանշվեն շատ հարցերի լուծումներ, նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների միության կողմից:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին