Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն այցելեց Լոռու եւ Տավուշի մարզեր

00:00 / 08.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում այսօր ներկա գտնվեց բերքի տոնին, որին մասնակցում էին եւ իրենց մշակած բերքն ու բարիքն էին ներկայացնում մարզի համայնքները:

Միջոցառմանը ներկայացվեցին բերքահավաքի արդյունքները, նշվեց, որ մարզի համար գյուղատնտեսական տարին բարեհաջող է եղել, գրեթե բոլոր մշակաբույսերից ստացվել է միջին եւ միջինից բարձր բերք:

Լավագույն արդյուքներն արձանագրած համայքները, գյուղացիական կազմակերպություններն ու անհատները խրախուսվեցին մարզպետ Ա. Նալբանդյանի շնորհակալագրերով:

Ա. Գեւորգյանը շրջեց տաղավարներով, ինչպես նաեւ ներկա գտնվեց տոնական հանդիսություններին:

Փոխվարչապետը Լոռիից մեկնեց Տավուշ, մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ եղավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակում, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ներդրումային ծարգրի առաջին փուլը, որի ծավալը կազմում է 80-85 մլն դոլար, մեկնարկել է այս տարի ամռանը: Աշխատանքներն ընթանում են համապատասխան ժամանակացույցի, ներկայումս կատարվում են հողային աշխատանքները: Տեղում շինարարության պատասխանատուների եւ տեղական ու տարածքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին շինարարական գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2013թ -ին:

Ա. Գեւորգյանը մասնակցեց նաեւ Դիլիջան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին