Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ

00:00 / 27.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առաջիկա օրերի ընթացքում ամփոփել եւ ՏԿ նախարարություն ներկայացնել առաջարկությունները` երկրորդ ծրագրում ընդգրկելու համար:
Նա նաեւ հորդորեց ուշադրության կենտրոնում պահել առաջին ծրագրի ընթացքը, հետեւել շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին: Ի գիտություն ընդունվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ հոկտեմեբրի վերջը:

Անդրադարձ եղավ հոկտեմբերին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Մարզպետները վստահեցրին, որ մարզերում արդեն իրականացված են անհրաժեշտ աշխատանքները` գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերին 10-11-ը Ջերմուկում անցկացվելիք գյուղական համայնքների ֆորումի կազմակերպչական հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց թե մարզպետարանների, թե ՏԻ մարմինների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն առաջին անգամ հանրապետությունում այս ձեւաչափով անցկացվող միջոցառմանը, որի ընթացքում քննարկվելու են համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի հորատման թույլտվությունների խնդրին, որի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից հարցադրումներ են լինում: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարարությունն այդ հարցերով չի զբաղվում: 2010թ. ՀՀ վարչապետի որոշմամբ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը ղեկավարում էր փոխվարչապետը, այս տարի մայիսին ՀՀ վարչապետի որոշմամբ լուծարվել է, եւ նոր հորերի հորատման թույլտվությունների տրամադրումը եղել եւ մնում է պետական լիազոր մարմնի` բնապահպանության նախարարության իրավասության ներքո:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման, խաղողի մթերման գործընթացներին, մարզպետների առաջիկա այցելությանը ԼՂՀ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 
 

← Վերադառնալ ցուցակին