Նորություններ

Պաշտոնական

Սլովակիայի "Դուհա" ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով

00:00 / 27.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Սլովակիայի "Դուհա" ("Duha") ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Միրոսլավ Ռեմետայի գլխավորությամբ: Ընկերությունը ոչ միայն Սլովակիայում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում գործունեություն է ծավալում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Հյուրերը տեղեկացրեցին, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող մի շարք` "Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի, "Իրան- Հայաստան" երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Երեւան քաղաքի աղբահանության եւ սանմաքրման ծրագրերով: Ընկերությունն ուսումնասիրում է նաեւ հանքաքիմիական ոլորտում համագործակցության եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Փոխվարչապետը ողջունեց ընկերության մտադրությունները` նկատելով, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներն առաջիկա տարիներին գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին կարեւորվում են նաեւ աղբահանության, աղբի վերամշակման հետ կապված հարցերը: Բացի Երեւան քաղաքում աղբահանության ծրագրից, գերմանական KfW բանկի աջակցությամբ նման ծրագրեր են մշակվում մյուս խոշոր քաղաքների համար, եւ ՀՀ կառավարությունը նույնպես հետաքրքրված է այդ ոլորտում փոխշահավետ համագործակցությամբ ու խրախուսում է որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված նախաձեռնությունները:

Անդրադառնալով հանքաքիմիական բնագավառում գործակցության հեռանկարներին` Ա.Գեւորգյանը նկատեց, որ Հայաստանում այս ոլորտում առկա է զարգացման մեծ ներուժ, եւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական գործընկերների ներգրավմամբ հնարավոր է լուրջ արդյունքներ ունենալ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 


 

← Վերադառնալ ցուցակին