Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին

00:00 / 10.05.2011


Այսօր մեկնարկեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության, Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ, գործարարներ, կմասնակցի ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին: Նախատեսվում է նաեւ փոխվարչապետի ելույթը:

Այցի ընթացքում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ` երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու նպատակով:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես, ինչպես նաեւ մասնակից- երկրների շնորհանդեսներ, որի ընթացքում միջազգային ներդրողներին կներկայացվեն տվյալ երկրներում իրականացվող եւ իրականացվելիք խոշոր նախագծերը: Հայաստանի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 12-ին:

Այս միջոցառումը պոտենցիալ ներդրողների հետ հանդիպելու, համաշխարհային շուկաներում ներդրումային հեռանկարներին ծանոթանալու, միջազգային խոշոր ներդրումային ընկերությունների հետ փոխգործակցություն սկսելու նոր եւ բացառիկ հնարավորություն է ստեղծում:

Համաժողովի շրջանակում բացվել է ցուցահանդես, որն առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում պետական գործակալությունների ու մասնավոր ձեռնարկությունների համար ներկայացնելու իրենց երկրների տնտեսական ներուժը: Ցուցահանդեսում Հայաստանը եւս ունի իր տաղավարը, որտեղ Զարգացման հայկական գործակալությունից եւ Ազգային մրցունակության հիմնադրամից բացի, ներկայացված են եւս 4 մասնավոր ընկերություններ` իրենց ծրագրերով եւ ապրանքատեսակներով:

Հայաստանի համար համաժողովը կարեւորվում է ներդրումների ներգրավման, հայկական արտադրանքը արաբական շուկա դուրս բերելու, համատեղ փոխշահավետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկման, գործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով:

Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաեւ համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղաններին, որոնք մասնավորապես նվիրված են ԱՄԷ-ի եւ Ծոցի երկրների ատեւտրային եւ ներդուրումային հնարավորություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացումներին, չինական տնտեսության զարգացմամբ պայմանավորված նոր հնարավորություններին, արտաքին ներդրումների ուղիղ ներգրավման, ազատ գոտիների զարգացման հեռանկարներին, ներդրումային ռազմավարությունների մշակմանը եւ այլն: Կազմակերպվել են ներդրումային ոլոլտում փորձի փոխանակմանը վերաբերող սեմինարներ:

Մասնակից-երկրների շնորհանդեսների ժամանակ Զարագացման հայկական գործակալության եւ Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարները կներկայացնեն Հայաստանում իրականացվող այն խոշոր նախագծերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային նշանակություն:


Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին