Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր

00:00 / 06.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվեց խորհրդակցություն` Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավարների, ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանի մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվեցին ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր: Փոխվարչապետն ընդգծեց ՋՕԸ-երի թափանցիկ, հանրության համար հասանելի գործելաոճը: Նա կարեւորեց ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը ` անթույլատրելի համարելով, որ դրանց աշխատանքը ձեւական բնույթ կրի:

Հաշվի առնելով, որ ՋՕԸ-երն ինքնակառավարվող մարմիններ են, Ա. Գեւորգյանը մեկ անգամ եւս շեշտեց հանրության ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցությունը դրանց կառավարման գործընթացին, ինչին անդրադարձել էր նաեւ ապրիլի 27-ին "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի` ՋՕԸ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ:

Փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց առաջիկայում անձամբ մասնակցել ՋՕԸ-երի կառավարման խորհրդի նիստերին` վերոնշյալ խնդիրները նաեւ համայնքապետերի, շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ քննարկելու համար:

Անդրադարձ եղավ նաեւ "Վեդի" ՋՕԸ-ի գործունեության վերաբերյալ բնակիչներից, ԱԺ պատգամավորներից ստացված դժգոհություններին, ինչպես նաեւ մամուլի հրապարակումներին: Ա. Գեւորգյանը տարածքային կառավարաման փոխնախարար Ա. Բախշյանին հանձնարարեց Ջրտնտպետկոմի, ԾԻԳ-ի, մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծել վերոնշյալ ՋՕԸ-ում ուսումնասիրություններ կատարելու համար եւ յոթնօրյա ժամկետում ներկայացնել դրանց արդյունքները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին