Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ

00:00 / 04.05.2011

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մայիսի 3-ին մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց կրթության բնագավառին առնչվող հարցեր: Մասնավորապես` քննարկվեցին հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթների, ուսուցիչների ատեստավորման, դպրոցներում շախմատի դասավանդման, պետական դպրոցների լիցենզավորման գործընթացի հետ կապված եւ այլ հարցեր:

ԿԳ նախարարը մասնավորապես նշեց, որ ակնկալում է մարզպետների աջակցությունը հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթների հրապարակային եւ թափանցիկ անցկացումն ապահովելու հարցում:

Ա. Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ Կրթության պետական տեսչությունն անցած տարվանից ստուգումներ է անցկացնում մարզպետարանների կրթության վարչություններում, եւ նկատված թերությունների շտկման հարցում ակնկալվում է համագործակցված աշխատանք: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հետեւողական լինել հայտնաբերված թերությունները շտկելու հարցում եւ ուշադրության կենտրոնում պահել ընթացքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը տեղեկություններ ներկայացրեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Փոխվարչապետը հանձնարարեց այն մարզպետներին, որոնց մարզերում դեռեւս տարածքների հատկացման խնդիրներ կան, քննարկել հարցը եւ տարածքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Ա. Գեւորգյանը նաեւ առաջարկեց մարզերի սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պատվիրակություն գործուղել Վրաստան` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման փորձին ծանոթանալու նպատակով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստ.Մնացականյանն անդրադարձավ մարդահամարի կազմակերպչական աշխատանքներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչեւ մայիսի 15-ը մարզերում եւ Երեւանում անցկացնել մարդահամարի նախապատրաստման եւ կազմակերպման մարզային հանձնաժողովի նիստեր:

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ մարդահամարի աշխատանքների բնականոն կազմակերպման համար հասցեափոխությունների հետ կապված բոլոր հարցերը պետք է ավարտվեն մինչեւ հունիսը 1-ը, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները կարողանան ամփոփել տվյալները, եւ դրանք տրամադրվեն ԱՎԾ-ին:

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը մարզպետներին ներկայացրեց այն աշխատանքները, որոնք նախատեսվում է տարվա ընթացքում իրականացնել մարզերում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կսկսեն մարզային այցելություններ` տեղում քննարկելու աշխատանքների իրականացման հետ կապված համագործակցության եւ այլ հարցեր:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի իրականացման ընթացքին: Տեղեկացվեց, որ բոլոր մարզերում արդեն կնքվել են պայմանագրերը, եւ առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացը եւ կատարված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել:

Ներկայացվեցին նաեւ 2011թ. առաջին չորս ամսվա ընթացքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել` նախատեսված ցուցանիշների ապահովման ուղղությամբ:

Անդրադարձ եղավ նաեւ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացմանը: Մարզերում եւս նախատեսվում են մի շարք միջոցառումներ, եւ փոխվարչապետը հանձնարարեց մարզպետներին ապահովել դրանց պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: Ի դեպ, ՏԻՄ 15-ամյակի կապակցությամբ մարզերում կներկայացվի նաեւ լուսանկարիչ Մարտին Շահբազյանի` ՙՀայաստանի մարզերը՚ շրջիկ ցուցահանդեսը:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին