Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչներին

00:00 / 03.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության` (UNIDO) հայաստանյան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանին եւ UNIDO-ի ՙԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա՚ ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարյանին:

Քննարկվեցին Հայաստանում UNIDO-ի ՙԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա՚ ծրագրի իրականացմանը եւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության անելիքներին վերաբերող հարցեր: Ծրագիրն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիայի եւ միասնական տնտեսական տարածքի ձեւավորման գործընթացներին` միջազգային արդյունաբերական գործակցության խորացման եւ մասնակից- երկրների արդյունաբերության արդիականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

Փոխվարչապետ Ա. Գեւորգյանն ընդգծեց ծրագրի կարեւորությունը` հայկական գործարար միջավայրին սպառման նոր շուկաների, ինչպես նաեւ Հայաստանում նոր ներդրումների hնարավորության ստեղծման առումով: Քննարկվեց առեւտրային պլատֆորմի ստեղծման, եվրոպական մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող ՙMETRO՚ կազմակերպության հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Առեւտրային պլատֆորմի ստեղծման գաղափարը, վերջինիս հնարավորությունները ներկայացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Զարգացման հայկական գործակալության եւ Առեւտրաարդյունաբերական պալատի հետ մայիսի վերջին համատեղ կազմակերպել գործարարների համաժողով, որտեղ շահագրգիռ կողմերին կներկայացվի նաեւ UNIDO-ի ՙԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա՚ ծրագիրը:

 

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին