Նորություններ

Պաշտոնական

ՏԿ նախարարին կից կոլեգիայի նիստում ներկայացվեցին հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի արդյունքները

00:00 / 30.04.2011

 


ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՏԿ նախարարի առաջին տեղեկալ Վաչե Տերտերյանը տեղեկություններ ներկայացրեց ապրիլի 18-19-ին Երեւանում կայացած ՙՀայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ՚ առաջին համաժողովի արդյունքների մասին, որն ընդունվեց ի գիտություն:

Նշվեց, որ երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովին մասնակցել են 25 պատվիրակություններ, ստորագրվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ 24 երկկողմ փաստաթղթեր: Բարձր մակարդակով է անցկացվել համաժողովի շրջանակում կազմակերպված արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսը:

Համաժողովին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ բոլոր մարզերը, որոնց ներկայացուցիչները ռուսաստանցի գործընկերներին ներկայացել են գործակցության նոր գաղափարներով ու ծրագրերով, ինչը հետագայում կհանգեցնի գործնական արդյունքների: Հաջող համարելով միջտարածաշրջանային ձեւաչափով մեծամասշտաբ համաժողովի առաջին փորձը` համոզմունք հայտնվեց, որ նմանատիպ հետագա միջոցառումների ժամանակ ավելի գործնական եւ ավելի նպատակաուղղված ծրագրեր ու նախագծեր կներկայացվեն:

Տեղեկացվեց, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեւավորվելու է միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ` երկու կողմից փոխնախարարների ղեկավարությամբ: ՙԱյսպիսով, այս ձեւաչափով համագործակցությունը դառնում է երկու կառավարությունների ամենօրյա ուշադրության հարց՚,-նշեց փոխվարչապետ Ա. Գեւորգյանը:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` նման համաժողովներ կազմակերպվելու են պարբերաբար: Նշվեց, որ կողմերը որոշել են գույքագրել երկու երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության մակարդակում առկա իրավապայմանագրային դաշտը եւ միտված են գնալու առավել գործնական ճանապարհով` շեշտն ավելի շատ դնելով համագործակցության աշխատանքային ծրագրերի կնքման վրա: Կարեւորվել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ արդեն ձեւավորված հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչպես նաեւ նոր կապերի հաստատումը գործակցության ներուժ եւ միմյանց նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարածաշրջանների միջեւ: Ի դեպ, կհրատարակվեն նաեւ համաժողովի նյութերը:

Կոլեգիայի նիստում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամ, ՙՀայաստանի համայնքների միություն՚ իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկություն ներկայացրեց իրականացվելիք հոբելյանական միջոցառումների մասին: Մասնավորապես հունիսին Հայաստանում կանցկացվի ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը, աշնանը Ստրասբուրգում կկազմակերպվի Հայաստանի ՏԻՄ 15-ամյակին նվիրված ցուցադրություն, տարվա ընթացքում կկազմակերպվեն միջազգային համաժողովներ, մրցանակաբաշխություններ, քաղաքացիական դաս դպրոցներում ու բուհերում եւ այլն: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերին:

Փոխվարչապետը կարեւորեց հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:

Անդրադարձ եղավ նաեւ ՙՀՀ ընտրական օրենսգրքում՚ եւ ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքում փոփոխությունների նախագծերին, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ: Վ. Տերտերյանը ներկայացրեց ՏԿՆ նկատառումները նախագծերի որոշ դրույթների վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱԺ` մինչ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Կոլեգիայի անդամներին եւս առաջարկվեց ներկայացնել իրենց կարծիքներն ու դիտողությունները օրինագծերի վերաբերյալ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին