Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն այցելեց Գեղարքունիք եւ Վայոց Ձոր

00:00 / 29.04.2011

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Մարզպետ Ն. Պողոսյանի, ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Վարդենիսի ոռոգման ջրի ինքնահոս համակարգի գլխամասային հատվածում` Ակունք գյուղի տարածքում: Համակարգը վերականգնվել է ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚-ի ծրագրով: Ընդհանուր 9,4 կմ երկարությամբ համակարգի 5 կմ հատվածն ամբողջությամբ նորացվել է, մնացած 4,4 կմ-ը` վերանորոգվել: Աշխատանքներն ավարտվել են անցած տարվա վերջին, եւ ընթացիկ ոռոգման շրջանում հնարավոր է օգտագործել համակարգի ողջ հզորությունները:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Մարտունու պոմպակայանի շինհրապարակ: Տեղեկացվեց, որ ընդհանուր առմամբ կատարվել է աշխատանքների 75 տոկոսը: Երկաստիճան պոմպակայանի 2-րդ աստիճանի շենքի վերակառուցումն ավարտված է, իրականացվում է վերազինում, ընթացքի մեջ են 1-ին աստիճանի շենքի շինարարական աշխատանքները: Նշվեց, որ աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի: Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների որակով եւ ժամանակին իրականացումը:

Մարզի Վաղաշեն համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ մշակույթի տան շենքային պայմաններին, որի հիմնանորոգումը նախատեսվում է այս տարի ավարտին հասցնել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Այդ նպատակով հատկացվել է 48, 2 մլն դրամ: Շենքի նորոգումն սկսվել էր երկու տարի առաջ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, առաջիկա տասն օրվա ընթացքում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Մարզպետին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը:

Գեղարքունիքից փոխվարչապետը մեկնեց Վայոց Ձորի մարզ: Եղեգիսի համայնքապետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ Եղեգիսի կիրճի համայնքների ղեկավարները, ներկայացվեցին ընթացիկ խնդիրները:

Անդրադարձ եղավ նաեւ վերոնշյալ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հավաքագրման միտումները` Ա. Գեւորգյանը հորդորեց մշտական աշխատանքներ իրականացնել համայնքային բյուջեների ցուցանիշների ապահովման ուղղությամբ:

Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժի

← Վերադառնալ ցուցակին