Նորություններ

Պաշտոնական

Քննարկվում են մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը

00:00 / 16.02.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարաններում անցկացվող խորհրդակցություններում շարունակվում է մարզերի զարգացման ծրագրերի քննարկումը: Այսօր Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների ու ՏԿ նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ անդրադարձ եղավ նշված մարզերի զարգացման ծրագրերին:

Զեկուցվեց, որ «ՀՀ Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով» մարզում տարբեր ոլորտներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 143,7 մլրդ դրամի ներդրում: Միայն 2011թ. ներդրումների ծավալը կազմելու է 33,1 մլրդ դրամ: Միջոցներ նախատեսված են ինչպես պետբյուջեից, այնպես էլ դոնորներից եւ այլ աղբյուրներից:

«ՀՀ Արմավիրի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով» ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 102,3 մլրդ դրամ, իսկ 2011թ. համար` 27,8 մլրդ դրամ:

Փոխվարչապետն ընդգծելով նախատեսված ուղղություններով ներդրումների ապահովման անհրաժեշտությունը` միաժամանակ նկատեց, որ արդեն առկա է նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ, եւ այն պետք է հաշվի առնել մեկնարկող ծրագրերում: Ա. Գեւորգյանը կարեւորեց ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի համակարգի կատարելագործումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել, արագորեն շտկել ընթացքում ի հայտ եկող խնդիրները: Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման խնդրին:

Փոխվարչապետը ոչ լիարժեք համարեց Արմավիրի մարզի զարգացման ծրագրի` 2011 թվականին նախատեսված միջոցառումները եւ հանձնարարեց մարզպետին վերանայել ու ամբողջացնել այն` հատկապես գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների մասով:

Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեց համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Նշվեց, որ բյուջեների վերանայման խնդիր կառաջանա այն համայնքներում, որոնց բյուջեներում ամբողջությամբ չեն արտացոլվել սեփական եկամուտների բազային ցուցանիշները, իսկ պլանային ցուցանիշներն ավելի պակաս են, քան նախորդ տարի:

Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետն անդրադարձավ գյուղնշանակության հողերի վարձակալության խնդրին` նկատելով, որ երկու մարզերում էլ կան ռեզերվներ (Արարատի մարզում փաստացի վարձակալության է տրված համայնքային եւ պետական գյուղնշանակության հողերի 22,5, Արամվիրում` 1,2 տոկոսը), ու համայնքապետերը կարող են շահագրգռել գյուղացիական տնտեսություններին` ավելացնելու վարձակալվող հողերի ծավալները, եւ համապատասխանաբար, համայնքների սեփական եկամուտները: Նա հիշեցրեց, որ այդ նպատակին էր ուղղված անցած տարի ՀՀ կառավարության ընդունած` արոտները վարձակալության հանձնելու գործընթացը հեշտացնելու վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ եղավ նաեւ համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդով օտարման գործընթացին: Հաշվի առնելով, որ օտարումների ամենամեծ ծավալը 2010-ին արձանագրվել է Արմավիրում` փոխվարչապետն Արմավիրի մարզպետին հանձնարարեց համայնքների ղեկավարներին հորդորել, որ հողատարածքներն օտարվեն առավելագույն բարձր գներով, հակառակ պարագայում` լինեն հիմնավորումներ:

Քննարկվեցին գարնանային գյուղատնտեսական աշխատանքների, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Տեղեկացվեց, որ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրերով երկու մարզում էլ ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, եւ ամեն ինչ արվում է` ոռոգման աշխատանքներն անխափան կազմակերպելու համար: Ծրագրերի ավարտին ոչ միայն կավելանան ոռոգելի հողատարածքները, այլեւ երրորդ կարգի ջրանցքների վերականգնումն անհամեմատ կհեշտացնի ոռոգման իրականացումը:

Փոխվարչապետը նաեւ հանձնարարեց մարզպետներին ուշադրության կենտրոնում պահել անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացը, որպեսզի հնարավոր լինի սահմանված ժամկետներում ավարտել բոլոր շահառու ընտանիքների փաստագրումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին