Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանը ծանոթացավ ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին

00:00 / 16.02.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է ծանոթանալ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրերով ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզում վերականգնվող Արմաշի, Ավշար-Այգեվանի, Ռանչպարի պոմպակայանների շինհրապարակներ:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները հիմնականում իրականացվում են համաձայն ժամանակացույցի, որոշակի դժվարություններ կան սարքավորումների ներմուծման ժամկետների առումով: Նշվեց, որ Արմաշում արդեն իրականացվել է ընդհանուր աշխատանքների 73 տոկոսը, սարքավորումների հիմնական մասը ներկրված է, արդեն սկսվել է վերազինումը: Ավշար-Այգեվանում եւ Ռանչպարում կատարվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 60 տոկոսը: Ներկայացվեց նաեւ Մխչյանի պոմպակայանի վերականգնման ընթացքը. այստեղ իրականացվել է ընդհանուր աշխատանքների 72 տոկոսը, մեկնարկել է վերազինումը:

Փոխվարչապետն ընդգծելով ծրագրերի` նախանշված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը, նշեց, որ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում: Մասնավորապես` անհրաժեշտության դեպքում ՊՈԱԿ-ը պետք է աշխատանքներ իրականացնի կապալառու կազմակերպությունների հետ` սարքավորումների ներմուծումը ժամանակին կազմակերպելու համար, որպեսզի նման խնդիրները ծրագրերի հետաձգման պատճառ չդառնան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին