Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպանին

00:00 / 15.02.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ Ռահման ալ Հասանին (նստավայրը` Մոսկվա):

Փոխվարչապետը նախ շնորհավորեց դեսպանին` առաքելության ստանձնման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-օմանյան հարաբերություններին նոր թափ կհաղորդվի: Երկուստեք նշվեց, որ հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների ամրապնդման համար: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ծավալվել Ծոցի մի շարք երկրների հետ, եւ Հայաստանը հետաքրքրված է առեւտրատնտեսական կապերը զարգացնել նաեւ Օմանի Սուլթանության հետ:

Դեսպանն իր հերթին նշեց, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը: Նա նաեւ հայտնեց, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության նախագծերով` մասնավորապես Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմամբ:

Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը որոշ տեղեկություններ հաղորդեց նախագծի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին