Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` ոռոգման համակարգի ընկերությունների մասնակցությամբ

00:00 / 05.02.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Ծաղկաձորում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները։

Քննարկվեցին 2010թ. ոռոգման համակարգում կատարված աշխատանքները եւ 2011թ. գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Նշվեց, որ ընթացիկ տարում մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: ՋՕԸ-երի հիմնական խնդիրներն են լինելու անխափան եւ պահանջարկին համապատասխան ջրամատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության եւ կարգապահության ապահովումը:

Ա. Գեւորգյանը նկատեց, որ ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված արտաքին միջոցների զգալի մասը ՀՀ կառավարությունն ուղղում է ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը եւ պահանջեց օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բավարար եւ անխափան ջրամատակարարում ապահովելու համար:

Ամփոփելով 2010 թ. գործունեության արդյունքները` փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց համակարգի գործունեությունը` նշելով, որ 2010 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ հավաքագրումներն ավելացել են 350 մլն դրամով: Այնուամենայնիվ, Ա.Գեւորգյանը պահանջեց ժամանակին եւ ավելի ինտենսիվ զբաղվել ձեւավորված հասույթների հավաքագրմամբ: Այդ համատեքստում առաջիկայում փոխվարչապետին կներկայացվի մատակարարված ջրի դիմաց 200 հազար դրամից ավելի պարտք ունեցող ջրօգտագործողների ցուցակը, որոնց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն:

Փոխվարչապետն ընկերությունների ղեկավարներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին: Հանձնարարվեց մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը պայմանագրեր կնքել սպառողների հետ` նշելով սպասարկվող հողատարածքի ծավալը, մշակվող կուլտուրայի տեսակը եւ այլն։

Անդրադարձ եղավ նաեւ ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին: Մասնավորապես կարեւորվեց ՋՕԸ-երում GIS ծրագրի ներդրումը, որի միջոցով իրականացվում է ոռոգվող հողատարածքների եւ ջրի ծավալների հաշվառումն ու կառավարումը: Ոլորտի համար կարեւոր համարվեց նաեւ ՋՕԸ-երի կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը:

Անդրադարձ եղավ ՋՕԸ-երի կողմից շահագործվող խորքային հորերի վրա սեղմ ժամկետներում ջրաչափեր տեղադրելու խնդրին: Մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ տեղեկացրին, որ այսօր արդեն արձանագրվում է ստորերկրյա ջրերի ճնշման զգալի նվազում, ինչը խնդիր է առաջացնում ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալների մատակարարման համար, այդ երեւույթը նկատվում է հատկապես Մասիսի տարածաշրջանում:
ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին հանձնարարվեց ուսումնասիրել այդ երեւույթի հետ կապված ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալի ապահովման հարցը եւ ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել:

Խնդիր դրվեց նաեւ հատուկ ուշադրություն դարձնել ջրի խնայողաբար օգտագործմանը, որպեսզի բնապահպանական նկատառումներով հնարավորինս նվազեցվի ջրառը Սեւանից։ Նշվեց, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու գյուղացիական այն տնտեսություններին, որոնք կցանկանան ներդնել ոռոգման նոր տեխնոլոգիաներ։

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ «ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերին: Ա. Գեւորգյանը հորդորեց ՋՕԸ-երի ղեկավարներին աջակցել երրորդ կարգի ջրանցքների եւ պոմպակայանների վերականգնման ծրագրերի իրականացմանը: Նա նաեւ խնդիր դրեց ներկաների առջեւ` որոշ պոմպակայանների վերազինման աշխատանքների հնարավոր ուշացումների դեպքում գյուղացիական տնտեսություններին նախազգուշացնել այդ մասին եւ առաջարկել ոռոգման այլընտրանքային տարբերակներ:

ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին իրենց սպասարկման տարածքում «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի եւ կատարված աշխատանքների որակի մասին: Արձանագրվեց, որ մի շարք ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի ծրագրերի մասով առկա են չլուծված խնդիրներ, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ առաջիկայում տեղերում քննարկումներ կազմակերպել եւ սեղմ ժամկետներում լուծել առկա խնդիրները:

ՀՀ փոխվարչապետը կարեւորեց նաեւ «ՀՄՀ-Հայաստան»-ի` ՋՕԸ-երի տեխնիկական օժանդակության եւ կարողությունների հզորացման ծրագիրը, որով մինչեւ հունիս ընկերություններին տրամադրվելու է նոր տեխնիկա: Նա հույս հայտնեց, որ այս ծրագիրը եւս կնպաստի ՋՕԸ-երի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին