Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին ՀՄՀ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր

00:00 / 20.01.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Զարուբեժվոդստրոյ» շինարարական ընկերության պատվիրակությանը: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով ընկերությունը մի շարք համայնքերում իրականացնում է ջրանցքների վերականգնման աշխատանքներ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության եւ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ուսումնասիրությունների ու վերահսկողության արդյունքներով պարզվել է, որ «Զարուբեժվոդստրոյ» ընկերության տեղական գործընկերոջ տեխնիկական հնարավորությունները եւ աշխատանքի տեմպերը բավարար չեն` ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները ժամանակին իրականացնելու համար:

Ընկերության տնօրենը հայտնեց, որ պատրաստ է այսուհետեւ անձամբ հսկողություն իրականացնել ծրագրի իրականացման նկատմամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին «Զարուբեժվոդստրոյ» ընկերությունը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի հետ կքննարկի շինարարության հետ կապված բոլոր հարցերը` մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքների ժամանակացույցը հստակեցնելու եւ ընդունելու նպատակով:

Հյուրերը նաեւ պատրաստակամություն հայտնեցին բավարար տեխնիկական կարողություններ ունեցող նոր տեղական գործընկերների ներգրավման միջոցով շտկել իրավիճակը եւ գործով ցույց տալ, որ ի վիճակի են ամբողջ ծավալով եւ նախանշված ժամկետներում իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին