Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպանին

00:00 / 19.01.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հանդիմպանը քննարկվեցին Հայաստանում 2011թ. հոկտեմբերին համապետական մարդահամարի անցկացմանը Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական օժանդակություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր: Դեսպանը փոխանցեց տեխնիկական աջակցության հարցը քննարկելու չինական կողմի պատրաստակամությունը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ շնորհակալության հայտնեց տարբեր ոլորտներին Չինաստանի կառավարության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար: Նա տեղեկացրեց, որ մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ մարդահամարի անցկացմանն արդեն ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն են հայտնել եւ երախտագիտություն հայտնեց չինական կողմին` խնդրին արագ արձագանքելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կճշտվի եւ չինական կողմին կփոխանցվի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ցանկը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին