Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետի ղեկավարած աշխատանքային խմբի նիստում քննարկվեցին ձկնաբուծական տնտեսությունների խնդիրները

00:00 / 01.12.2010


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցում էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գեւորգյանը, միության անդամներ:

Փոխվարչապետը պարզաբանեց, որ 2009թ-ից ՀՀ կառավարությունը ստորերկրյա ջրային պաշարների կառավարման եւ արդյունավետ օգտագործմամբ զբաղվելու խնդիր է դրել: Դա վերաբերում է ինչպես խմելու եւ ոռոգման, այնպես էլ այլ նպատակներով (այդ թվում ձկնաբուծության) օգտագործվող ջրային պաշարներին: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ պաշարներն աստիճանաբար նվազում են, եւ Արարատյան դաշտավայրի համայնքները խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու խնդիր է առաջանում, ինչը կառավարության առաջնային պարտավորություններից է: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի նպատակը ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողությունն է, ոչ թե այս կամ այն տեսակի ձեռնարկատիրական գործունեության խրախուսումը կամ խոչընդոտումը:

Նա նաեւ անընդունելի համարեց այն պնդումները, թե կառավարությունը փորձում է ճնշել ձկնաբույծներին` ավելացնելով, որ վերջին 1-2 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը ձկնաբույծների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել է քայլեր` խթանելու նրանց արտադրանքի արտահանումը արտերկիր, հատկապես` Ռուսաստանի Դաշնություն: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն հայտարարությունները, թե կառավարությունը փորձում է ոլորտում մենաշնորհներ ստեղծել:

Միաժամանակ կառավարությունը քայլեր է ձեռնարկել ձկնաբույծների խնդիրները նրանց հետ համագործակցաբար լուծելու ուղղությամբ: Դեռ այս տարվա մարտին ՀՀ բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը հանդիպում էր ձկնաբուծական տնտեսությունների հետ առանձին-առանձին, համատեղ արձանագրում խնդիրները եւ դրանց լուծման ժամկետները, սակայն ապրիլին Հայաստանի ձկնաբույծների միության համագումարից հետո ձկնաբուծական տնտեսությունները հրաժարվեցին աշխատել այդ հանձնաժողովի հետ եւ փորձեցին հարցը տեղափոխել այլ հարթություն: Փոխվարչապետն ափսոսանք հայտնեց, որ համագործակցության առաջարկությունը չի ընդունվել ձկնաբույծների կողմից, եւ մարտից նոյեմբեր հատվածում նրանց կողմից քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ:

Անդրադառնալով օրակարգային հարցերին` ձկնաբուծական տնտեսություններին ամրակցված հողերի նշանակության փոփոխության վերաբերյալ նշվեց, որ գործող օրենսդրության համաձայն` հողի նպատակային նշանակությունը փոխելիս փոփոխվում է նաեւ հողերի կադաստրային արժեքը, եւ օրենքի այդ պահանջը հայտնի է ձկնաբուծական տնտեսություններին: Տեղեկացվեց, որ կատարված հաշվարկների համաձայն` միայն հողերի նշանակության փոփոխության դեպքում Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքների բյուջեներ կմուտքագրվեր 4 մլրդ դրամ, որը կուղղվեր համայնքային խնդիրների լուծմանը: Բացի այդ, մի շարք ձկնաբուծական տնտեսություններ օրենքով սահմանված կարգով արդեն փոխել են հողերի կատեգորիաները եւ մյուսների համեմատ գտնվում են անհավասար դաշտում: Միաժամանակ տեղեկացվեց, որ պատրաստակամություն կա ընդառաջել ձկնաբույծերին եւ հողի կադասրային արժեքի փոփոխման համար անհրաժեշտ վճարումների կատարման ժամկետը երկարաձգել, ինչպես նաեւ քննարկել որոշ տարածքների կադաստրային արժեքների վերանայման խնդիրը:

Ջրահեռացման խնդրի կապակցությամբ նշվեց, որ ձկնաբուծական տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների պայմանագրերով (որոնք կնքվում է ձկնաբուծական տնտեսության եւ պետական լիազոր մարմնի միջեւ) նախատեսվում է, որ տնտեսվարողը ջուրը դեպի բնական հոսքեր (Սեւջուր, Հրազդան գետեր) պետք է տեղափոխի, ոչ թե դեպի դրենաժային համակարգ: Մինչդեռ 207 ձկնաբուծական տնտեսություններից ավելի քան 140-ն օգտվում են դրենաժային համակարգից, որն այդ նպատակի համար նախատեսված չէ: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Ս. Պապյանի ղեկավարած հանձնաժողովի նպատակն էր նաեւ արձանագրել այդ հարցում տնտեսությունների ունեցած խնդիրները, եւ եթե տնտեսությունը հիմնավորեր, որ ջրահեռացումը այլ, քան դրենաժային համակարգի միջոցով, հնարավոր չէ իրականացնել, ապա աշխատանքային խումբը պատրաստ կլիներ քննարկել հարցը եւ կառաջարկվեր համապատասխան պայմանագիր կնքելով` թույլ տալ օգտվել դրենաժային համակարգից:

Ինչ վերաբերում է ջրաչափերի տեղադրման հարցին, ապա անցյալ տարի ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձկնաբուծական տնտեսություններն օգտագործում են կրկնակի ավելի ջուր, քան նախատեսված է ջրօգտագործման թույլտվույթամբ: Հետեւաբար` ջրաչափի տեղադրումը անխուսափելի է: Տեղեկացվեց նաեւ, որ կարեւորելով ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը` կառավարությունը «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի հետ ձեռնամուխ է եղել Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերը ջրաչափիչ սարքավորումներով եւ փականային համակարգերով վերազինելու աշատանքներին: Իրականացվում է 44 հորի վերազինում: Ջրաչափերի արժեքների վերաբերյալ «Հայջուրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յու. Ջավադյանը տեղեկացրեց, որ ամենաթանկ ջրաչափը մոտ 900 եվրո է` ձկնաբուծական տնտեսությունների նշած 5000 եվրոյի փոխարեն: Փոքր տրամաչափի խողովակների վրա տեղադրվող ջրաչափերն ավելի մատչելի են: Փոխվարչապետը անհրաժեշտ համարեց փոքր տրամաչափերի խողովակների դեպքում ջրաչափերի պարտադիր տեղադրումը, իսկ մեծ տրամաչափի խողովակների համար ջրաչափերի հարցը որոշվեց քննարկել, գտնել տեխնիկական լուծումներ:

«Ժառանգության» խմբակցության ղեկավարն առաջարկեց վերսկսել Ս. Պապյանի ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը: Փոխվարչապետը նշեց, որ հարցը կքննարկվի աշխատանքային խմբի հաջորդ նիստում եւ որոշման մասին կտեղեկացվի:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին