Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի հերթական նիստը

00:00 / 30.11.2010


Այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Խորհուրդն ի գիտություն ընդունեց ՀՀ բնապահպանության նախարարության հաշվետվութունը` 2010թ. ընթացքում իրականացված անտառմաքրման աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ պամանագրեր են կնքվել ցամաքային հատվածում 102 հեկտարի մաքրման համար, որից ներկայումս մաքրվել է 71 հեկտարը: Ջրում եւ ճահճային հատվածում մաքրվել է 30 հա: Այդ հատվածում մաքրման աշխատանքներն իրականացվում են «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի եւ այլ տեխնիկայի միջոցով: Որոշվեց առաջիկայում ճշգրտել անտառմաքրման այս տարվա ծավալները եւ ամրագրել գալիք տարվա անելիքները:

Խորհուրդը քննարկեց եւ հավանության աժանացրեց «ՀՀ Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է լճի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ` լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար: Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:

Սեւանա լճի մինչեւ 1900.25մ նիշը գտնվող տարածքի 520 միավոր անշարժ գույքի իրավական կարգավիճակը ուսումնասիրելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները: Վերոնշյալ 520 շինությունները բաժանվել են չորս խմբի` պետական սեփականություն հանդիսացող կառույցներ, օրինական շինություններ, օրինական տիրապետման տարածքների վրա գտնվող ինքնակամ շինություններ եւ ինքնակամ զբաղեցված տարածքների վրա գտնվող ինքնակամ կառուցված շինություններ: Ներկայումս 520-ից արդեն ապամոնտաժված է 73-ը: Խորհուրդը որոշեց դիմել այդ տարածքում կառույցներ ունեցող պետական մարմիններին` սեղմ ժամկետներում դրանց ապամոնտաժման ժամկետների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար: Աշխատանքային խմբին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել օրինական շինությունների կարգավիճակի, իրավական հիմքերի հետ կապված հարցերը եւ ներկայացնել առաջարկություն: Որոշվեց ինքնակամ կառույցների ապամոնտաժման պահանջի մասին գրավոր միջնորդությամբ մինչեւ դեկտեմբերի 20-ը ծանուցել վերջին երկու խմբերի հասցեատերերին:

Խորհուրդը միաժամանակ հորդորում է ինքնակամ կառույցների սեփականատերերին` արդեն սկսել կառույցների ապամոնտաժման աշխատանքները` հաշվի առնելով, որ լճի ամենացածր մակարդակն արձանագրվում է դեկտեմբերին, եւ այս հատվածում ավելի հեշտ կլինի իրականացնել ապամոնտաժման աշխատանքները:

Խորհուրդը նաեւ քննարկեց եւ հավանություն տվեց Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2010թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2011թ. հունվարի 15-ն արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին ԲՆ հրամանի եւ այդ ուղղությամբ մի շարք գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու ծրագրի նախագծերին: Որոշվեց դիմել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին` միջոցառումներին տվյալ կառույցների ներկայացուցիչների ներգրավման համար: Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետը նաեւ խորհրդակցություն կանցկացնի «Սեւան» ազգային պարկում` մարզպետի, մարզի իրավապահ մարմինների, համապատասխան համայնքապետերի մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն արգելքի ապահովման հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը կարեւորեց այդ ժամանակահատվածում միջոցառումների արդյունավետ կազմակերպումը եւ հորդորեց խստագույնս հետեւել ու կանխել ձկնորսության բոլոր փորձերը:

Խորհուրդը որոշեց նաեւ երկու տարով երկարաձգել «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի աշխատանքային պայմանագիրը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին