Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետին ներկայացվեց «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ընթացքը

00:00 / 29.11.2010


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցության (GTZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհերի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետին ներկայացվեց ծրագրի ընթացքը, որն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, եւ որի նպատակը Հայաստանի անտառների կառավարման ծրագրերի մշակումն է: Ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել անտառների որակական եւ քանակական ցուցանիշների գնահատման մոնիտորինգ: Մշակվում է անտառների էկոհամակարգերի վիճակի գնահատման մեթոդաբանություն, եւ նշվեց, որ առավել արդյունավետ է համարվում հեռահար զոնդավորման սկզբունքով (արբանյակային պատկերների միջոցով) իրականացվող մոնիտորինգը: Ներկայումս աշխատանքեր են իրականացվում Սեւքարի անտառտնտեսության կառավարման պլանի մշակման ուղղությամբ, եւ առաջիկայում կներկայացվեն արդյունքները: Նախատեսվում է նաեւ բարձրադիր արոտավայրերի կառավարման ծրագրերի մշակում, եւ այդ աշխատանքներում խումբը պատրաստվում է համագործակցել շահագրգիռ մարմինների հետ:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ծրագրի իրականացման համար` այն կարեւոր համարելով պետական մամինների կողմից ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից: Նշվեց, որ ծրագրի եւ մոնիտորինգի իրականացումը հնարավորություն կտա ճշգրիտ տվյալներ ունենալ եւ հստակ ու հասցեական աշխատանքներ իրականացնել թե' անտառների եւ թե' արոտավայրերի պահպանման ուղղությամբ, քանի որ այդ ռեսուրսները սահմանափակ են: Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ ծրագրի միջոցով հնարավոր կլինի նաեւ իրական ժամանակի տիրույթում տեղեկություններ ստանալ եւ վերահսկողություն կազմակերպել: Կարեւորվեց նաեւ մոնիտորինգի արդյունքների հրապարակայնության ապահովումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին