Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր

00:00 / 26.11.2010


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող փորձագետներ Ռոբերտ Հերցոգին, Ալինա Տատարենկոյին եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ «Հայաստան- Եվրախորհուրդ. տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման 2011-2014թթ. գործողությունների ծրագրի» նախագծին, որի մշակմանն աջակցել են նաեւ փորձագետները: Փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն ավարտման փուլում են:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց հյուրերին եւ բարձր գնահատեց նրանց աջակցությունը ինչպես վերոնշյալ փաստաղթղթի, այնպես էլ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին միտված մի շարք օրինագծերի, մասնավորապես, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մշակման հարցում: Նա հաստատեց ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը:

Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին նվիրված հարցերը քննարկվեցին նաեւ այսօր անցկացված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Եվրախորհրդի եւ Հայաստանի համայնքների միության համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, տեղական եւ միջազգային փորձագետներ:

ԵԽ փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգն այսօր նաեւ թեմային վերաբերող դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին