Նորություններ

Պաշտոնական

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին

00:00 / 02.11.2010


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի (ՀՄՀ) ծրագրերի շրջանակում իրականացվող Ավշար-Այգեվանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:

Պոմպակայանի վերականգնման եւ վերազինման աշխատանքներն արդեն մեկնարկել են, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1,8 մլն դոլար: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2011թ. մայիսին: Վերկանգնված պոմպակայանը կապահովի մոտ 1000 հա տարածքի ոռոգումը: Փոխվարչապետը մեկ անգամ եւս ընդգծեց աշխատանքների` որակով եւ ժամանակին իրականացումը` նշելով գալիք ոռոգման շրջանի անխափան կազմակերպման կարեւորությունը:

Այցի շրջանակում Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Արարատյան դաշտավայրի խորքային հորերի կառուցման, դրենաժային համակարգի մաքրման աշխատանքներին: ՀՄՀ «Ենթակառուցվածքներ» բաղադրիչի շրջանակում իրականացվում է նաեւ Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագիր, որով մասնավորապես նախատեսվում է կոլեկտորների, ջրահավաքների մաքրում եւ խորացում, արտեզյան հորերի վերականգնում, նոր խորքային հորերի հորատում, ենթամակերեւույթային դրենաժային համակարգի մասնակի վերականգնում: Ակնկալվում է, որ դրենաժային համակարգի վերականգնման արդյունքում կավելանան ոռոգելի հողատարածքները, կկարգավորվի ստորգետնյա ջրերի մակարդակը, կնվազի բնակավայրերի ջրածածկման վտանգը: Համակարգի վերականգնման համար նախատեսված է 15,5 մլն դոլարի ներդրում, աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա գարնանը, նախատեսվում է ավարտել 2011թ. հուլիսին:

Փոխվարչապետն առաջիկայում եւս կշարունակի մարզային այցելությունները` ՀՄՀ ծրագրերով իրականացվող ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին