Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը կարեւորեց ՀՄՀ-ի ծրագրերով իրականացվող շինաշխատանքների արդյունավետ կազմակերպումը

00:00 / 28.10.2010


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության դիրքորոշումը «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` նշելով դրանց առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ պոմպակայանները պետք է գործարկվեն արդեն ոռոգման հաջորդ շրջանում: Նա կարեւորեց շինաշխատանքներն իրականացնող եւ դրանք վերահսկող ընկերությունների համագործակցված աշխատանքը, որպեսզի հնարավոր բացթողումները ծրագրի թերի իրականացման պատճառ չդառնան, եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանին հատկացված գումարներն ամբողջովին ու նախատեսված կարգով ծառայեն իրենց նպատակին: Փոխվարչապետը պահանջեց, որպեսզի ընկերությունն ավելի մեծ թափ հաղորդի աշխատանքներին: Կարեւորվեցին նաեւ աշխատանքային պայմանների անվտանգության հետ կապված հարցերը: Ա. Գեւորգյանը նկատեց, որ արեւմտյան շինարարական ընկերություններին ծրագրին մասնակից դարձնելու նպատակներից էր նաեւ նրանց փորձը Հայաստանում կիրառելի դարձնելը:

Փոխվարչապետն ընդգծելով, որ կառավարությունն առավել ուշադրություն է դարձնում ՀՄՀ-ի ծրագրերի ընթացքին, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց աջակցել ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: Շինարարական ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ շինաշխատանքների կազմակերպման եւ նախագծերի համաձայնեցման գործընթացի մեծ մասն արդեն ավարտված է: Նրանք շնորհակալություն հայտնեցին աջակցության պատրաստակամության համար` վստահեցնելով, որ ի զորու են իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին