Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման հարցեր

00:00 / 06.10.2010


ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանի , Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ, ծանոթացավ «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո եւ մինչեւ 1900.25մ նիշն ընկած տարածքում գտնվող 32 շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների ընթացքին:

«Սեւան» ազգային պարկի տնօրինության տակ գտնվող 32 շենք-շինություններից 2-ը քարե, 30-ը խարխլված, փայտե շինություններ են: Վերոնշյալ 32 շինություններից 5-ն արդեն ապամոնտաժվել է, որից 2-ի ապամոնտաժման աշխատանքներին ծանոթացան տարածք այցելած պաշտոնատար անձինք:

Տեղում քննարկվեց շենք-շինությունների ապամոնտաժման ժամանակացույցը: Փոխվարչապետը հանձնարարեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչեւ ձյան գալն առավելագույն քանակի շենք-շինություններ ապամոնտաժվեն: Անդրադարձ եղավ ջրածածկ տարածքների եւ հրատապ մաքրման ենթակա ափամերձ անտառային հատվածների մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ դրանց առավել արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերին: Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների ճիշտ կազմակերպումը` խորհուրդ տալով հաշվի առնել նաեւ եղանակային փոփոխությունների հանգամանքը:

Փոխվարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել եւ ներկայացնել պետական գերատեսչություններին պատկանող ափամերձ տարածքներում գտնվող այն շենք-շինությունների ցանկը, որոնք նույնպես ենթակա են ապամոնտաժման:

Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Լճաշեն համայնքի վերաբացված ճանապարհի վիճակին, որի որակը մտահոգության տեղիք է տալիս: Ելնելով առկա իրավիճակից` փոխվարչապետը նպատակահարմար համարեց ճանապարհի հետագա շահագործման հարցը քննարկել կառավարությունում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով :

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին