Նորություններ

Պաշտոնական

Քննարկումներ Արագածոտնի մարզում

00:00 / 13.02.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ՝ տեղում քննարկելու համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, ինչպես նաեւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հիմնախնդիրները։

Աշտարակում անցկացրած խորհրդակցության ժամանակ փոխվարչապետը դրական գնահատեց սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքը` առավել եւս` այլ մարզերի համեմատությամբ։ Միաժամանակ մարզպետարանի ղեկավարությունից եւ համայնքների ղեկավարներից պահանջեց չբավարարվել ձեռք բերածով եւ հավաքագրման ցուցանիշներն ավելի բարձրացնել։

Հանձնարարվեց հիմնական թիրախը դարձնել նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերի մարումը։ Առաջարկվեց, անհրաժեշտության դեպքում, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ ուսումնասիրել նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերի կառուցվածքը եւ դրանց համապատասխանությունն իրականությանը։

Փոխվարչապետը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն այս տարվանից համայնքներում կապիտալ ծախսերը ֆինանսավորելիս հաշվի է առնելու տվյալ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախաձեռնել է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկում, որով, մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել ՏԻՄ ղեկավարների հնարավորությունները սեփական եկամուտների հավաքագրման գործում։ Առաջիկայում այդ փաթեթին ծանոթանալու եւ առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն կունենան նաեւ համայնքների ղեկավարները:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ տրանսպորտային միջոցների գույքահարկի հավաքագրման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով պատկան մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Համապատասխան հանձնարարականներ են տրվել, որպեսզի վարչական եւ իրավական խնդիրները լուծում ստանան:

Տեղեկացվեց, որ ՀՀ ոստիկանությունը տրանսպորտային փոխադրամիջոցները խոտանելու ցանկ է կազմել, որում ընդգրկվել են նաեւ հարկման ենթակա, սակայն շահագործման համար ոչ պիտանի կամ գոյություն չունեցող տրանսպորտային փոխադրամիջոցները։ Համաձայն այդ ցանկի` գրանցումն ու հաշվառումը վարող մարմինը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հնարավորություն կունենա :

Արմեն Գեւորգյանը կարեւորեց նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին եւ ոռոգման սեզոնին պատշաճ ձեւով նախապատրաստվելու հարցը։

Քննարկվեցին համայնքապետերի կողմից բարձրացված այլ հարցեր։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին