Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին փոխադրամիջոցների հարկման խնդիրները

00:00 / 12.02.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ քննարկվեցին ՀՀ համայնքներում հաշվառված փոխադրամիջոցների հարկման խնդիրները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետերը, ՀՀ ՏԿՆ առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը:

ՀՀ ոստիկանությունը տրանսպորտային փոխադրամիջոցները խոտանելու ցանկ է կազմել: Ցանկում ընդգրկվել են նաեւ գույքահարկման ենթակա, սակայն շահագործման համար ոչ պիտանի կամ գոյություն չունեցող տրանսպորտային փոխադրամիջոցները, եւ համաձայն այդ ցանկի գրանցումն ու հաշվառումը վարող մարմինը հնարավորություն կունենա տրանսպորտային միջոցը հաշվառումից հանել:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում համայնքների հետ եւ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր համայնքներին կտրամադրվեն համապատասխան ցանկերը:

Նշվեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը շրջանառության մեջ է դրել "ՀՀ Գույքահարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը համայնքներում հաշվառված փոխադրամիջոցը խոտանելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 31-ը:

Փոխվարչապետը հանձնարարեց այս տարի ավարտին հասցնել բոլոր տեսակի հին համարանիշերով ավտոմեքենաների խոտանման գործը, որպեսզի խնդիրն իսպառ լուծվի, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի համայնքներում գույքահարկի գանձման գործընթացին:

Գույքահարկի գանձման հետ կապված քննարկվեց մեկ այլ խնդիր։ Հիմնականում Երեւանում գրանցված կազմակերպությունների ՀՀ մարզերում գործող տարածքային ստորաբաժանումներն իրենց փոխադրամիջոցների գույքահարկը մուծում են մայր կազմակերպության գրանցման վայրում։ Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունից, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը եւ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց քննության առնել խնդիրը եւ սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Արձանագրվեց, որ համայնքներում հաշվառված փոխադրամիջոցների լիազորագրով եւ նոտարական գրասենյակի միջոցով վաճառքի դեպքում բացակայում է գույքը նախկին սեփականատիրոջից հաշվառումից հանելու եւ նոր սեփականատիրոջ հասցեով հաշվառելու պարտադրող նորմը, որն անհրաժեշտ է լրացնել։


Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին