Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց «Լինսի» հիմնադրամով նորոգված դպրոցներ

00:00 / 11.02.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 56 եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 125 դպրոցներ՝ տեղում ծանոթանալու, թե ինչպես են պահպանվում եւ շահագործվում նորացված կառույցները։

Երկու դպրոցներում էլ ստեղծվել է կրթական բարենպաստ միջավայր` պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան: Համակարգչային սենյակների, լաբորատոր անհրաժեշտ սարքերով եւ դիտակտիկ պարագաներով հագեցած կաբինետների, սպորտ դահլիճների, նախնական զինվորական կրթության կաբինետների առկայությունը տրամադրող է: Ինչպես ուսուցիչները նշեցին, այս ամենը ոչ միայն նպաստում է կրթության որակի բարձրացմանը, այլեւ մշակութային-դաստիարակչական դեր ունի` գեղեցիկը չեն փչացնում:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ուրախացրեց այն փաստը, որ վերանորոգված դպրոցներում ղեկավարությունը եւ ուսուցիչները ձգտում են ստեղծված պայմանները նպատակաուղղել կրթության որակի բարձրացմանը:

«Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված դպրոցները գտնվում են մեկ տարի երաշխիքային ժամկետի մեջ։ Փոխվարչապետը հանձնարարեց ԾԻԳ-ի տնօրենին հետեւողական լինել, որպեսզի մինչեւ այդ ժամկետի ավարտը վերացվեն ի հայտ եկած թերությունները՝ այդ նպատակի համար շինարարից պահված միջոցներով։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին